Կրոնի ազատության պաշտպանության քրեաիրավական միջոցներ

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունում սահմանված է և լայնորեն պաշտպանվում է մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը, որն իր ամրագրումն է գտել դեռևս 1995թ. Սահմանադրությունում և բովանդակային առումով վերարտադրվել է 2005 և 2015թթ․ Սահմանադրության փոփոխություններում։ Այն կարող է սահմանափակվել պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, որն իր մեջ ներառում է կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատությունը, սահմանված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 9-րդ հոդվածում։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը ամրագրված է մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված հիմնարար փաստաթղթերում և ներպետական օրենսդրությամբ՝ լայն հնարավորություն ստեղծելով այդ իրավունքների՝ այդ թվում քրեաիրավական, պաշտպանությունն ապահովելու համար։

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ

Անձի քրեաիրավական պաշտպանության համար սահմանադրաիրավական հիմքեր են հանդիսանում ՀՀ Սահմանադրության հետևյալ հոդվածները․

Հոդված 17.          Պետությունը և կրոնական կազմակերպությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
  2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 29.          Խտրականության արգելքը

 Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 41.          Մտքի, խղճի և կրոնի ազատությունը

  1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
  2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
  3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:
  4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 56.          Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը

  1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:
  2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
  3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:

Հոդված 77.          Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը

Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պաշտպանության միջոցներ

Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը կրոնի  հատկանիշով խախտելը, ինչպես նաև՝ խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, համարվում են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ։

Հոդված 143.       Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը

  1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված արարքը կարող է առկա լինել այն դեպքում, երբ, օրինակ՝ անձին զրկում են կամ չեն տրամադրում որևէ իրավունք նրա կրոնական հայացքներից ելնելով։

www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում 2008թ․-ից սկսած ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու վերաբերյալ մեկ գործ է քննվել։

Հոդված 160.       Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը

Կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածը ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված՝ մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի պաշտպանությանը։

Հոդվածով սահմանված արարքը կարող է առկա լինել այն դեպքում, երբ հանցավորը խոչընդոտում է՝

1) կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությունը կամ

2) կրոնական ծեսերի կատարմանը:

Կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությունը խոչընդոտելը կարող է դրսևորվել, օրինակ՝ եկեղեցիները փակելով, կրոնական կազմակերպության գրանցումն ակնհայտ անհիմն մերժելով և այլն։

Կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը կարող է արտահայտվել անձի վրա ցանկացած տեսակի ներգործությամբ, որը տեղի է ունենում նրա կողմից որոշակի ծիսակատարությանը մասնակցելուն խանգարելու կամ տվյալ արարողության անցկացումը կամ դրա հետագա ընթացքը խափանելու համար:

www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում 2008թ․-ից սկսած ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու վերաբերյալ գործ չի քննվել։

Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը և կրոնի հատկանիշով բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը համարվում են հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։

Հոդված 226.       Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը

1․ Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2․ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են․

1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,

2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողությունները դրսևորվում են կոնկրետ կրոնի նկատմամբ հարգանքը և վստահությունը քայքայող, չեզոքացնող, կրոնական կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ ատելության զգացում առաջացնող տարբեր գաղափարների ու համոզմունքների տարածմամբ:

Կրոնական թշնամանքի հարուցումը արտահայտվում է կրոնի բացասական կերպարի ստեղծմամբ, առանձին անձանց իրական կամ մտացածին բացասական կերպարի վերագրումը ողջ կրոնական համայնքին, սեփական կրոնի ներկայացուցիչների ծանր վիճակի համար կոնկրետ կրոնի ներկայացուցիչներին մեղադրելով, կրոնի ներկայացուցիչներին սեփական ազգի դեմ թշնամական գործողությունների մտադրություն ունենալու մեջ մեղադրելով, կրոնի ներկայացուցիչների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու պահանջներ ներկայացնելով և այլն։

Հոդված 226.2.    Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

    1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

    1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածը արտացոլում է «ատելության խոսքի» մի բաղադրիչը, որը դրսևորվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելով, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելով կամ քարոզելով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ «ատելության խոսքը» դուրս է խոսքի ազատության իրավունքի շրջանակներից կամ պաշտպանույթունից:

Անձի կամ անձանց խմբի նկատմամբ կրոնով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը հանդիսանում է «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորում:

ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածն ուժի մեջ է մտել 15.04.2020թ․-ին և հոդվածի վերաբերյալ դատական պրակտիկան 01․01․2021 թ․-ի դրությամբ բացակայում է։

Կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության հիմքով հանցագործություն կատարելը համարվում է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք։

Հոդված 63.          Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները

    1. Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են՝

6) հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը.

ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում  կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով այնպիսի հանցագործություն կատարելը, ինչպիսիք են սպանությունը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը,  գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը, հանցագործությունը դարձնում է որակյալ։

Հոդված 104.           Սպանությունը

      1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

      1. Սպանությունը՝

13) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Հոդված 112.           Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը

    1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

    1. Նույն արարքը, որը կատարվել է՝

12) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 113.           Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը

    1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝

պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

    1. Նույն արարքը, որը կատարվել է՝

7) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հոդված 119.           Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը

    1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

    1. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝

7) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Հոդված 185.           Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

    1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    1. Նույն գործողությունը, որը՝

4) կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 265.           Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը

    1. Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

    1. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

2) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով,

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված է, որ հանցանք կատարած անձը չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվում է կրոնի հիմքով հետաքննության կամ պատժի նպատակով:

Հոդված 16.          Հանցանք կատարած անձանց հանձնելը

    1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար:
    2. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձինք օտարերկրյա պետությանը չեն հանձնվում, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է նրանց ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով հետաքննության կամ պատժի կիրառման համար:

Ոչ ոք չպետք է հանձնվի օտարերկրյա այն պետությանը, որտեղ լուրջ վտանգ կա, որ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ:

 

Իրավական պաշտպանության միջոցներ

Հանցագործություններից պաշտպանվելու իրավական միջոցը իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելն է։

 Հանցագործության մասին հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական, իրավաբանական անձինք և լրատվության միջոցները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդված)։

Ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:

Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդված):

Իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդված):

Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցություններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդված):

Հաղորդումը քննարկելու արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին՝ որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:

Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդված):

Դատախազի կողմից բողոքը մերժվելու մասին տեղեկություն ստանալու կամ բողոքի վերաբերյալ պատասխան չստանալուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում անձն իրավունք ունի բողոք ներկայացնել դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդված):

Բողոքը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքնննիչ քրեական դատարան, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բողոքը մերժվելու դեպքում՝ ՀՀ վճռաբեկ դատարան։

Փաստաթղթերի տիպային օրինակներ

Հանցագործության մասին հաղորդման տիպային ձև

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատախազին բողոքարկելու տիպային ձև

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատարան բողոքարկելու տիպային ձև

Դատարանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու տիպային ձև

Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարան բողոքարկելու տիպային ձև