Կրոնի ազատության պաշտպանությունը քրեակատարողական հիմնարկներում

Նախաբան

Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և անձանց անազատության մեջ պահելու մասին օրենքներով ամրագրված է կրոնական ազատությունը։

Կրոնական ազատության որոշակի սահմանափակում առկա է միայն ձերբակալված անձանց նկատմամբ։

Կրոնը մեծ ազդեցություն ունի անձի բարոյական հատկանիշների ձևավորման հարցում և նույնկերպ իր ազդեցությունն է ունենում ազատությունից զրկելու համար նախատեսված վայրերում անձանց կողմից իրենց թույլ տված սխալները գիտակցելու, կատարված հակաիրավական արարքների համար զղջալու և ազատության մեջ հայտնվելուց հետո որպես հասարակության լիարժեք անդամ վերաինտեգրվելու գործում։

Անազատության մեջ գտնվող անձինք, որպես կանոն, հայտնվում են բարոյահոգեբանական ծանր վիճակում, և կրոնը ունենում է հոգեբանական մեծ ազդեցություն անձանց այդ վիճակից դուրս հանելու համար։

Հաշվի առնելով անազատության մեջ պահվելու առանձնահատկությունները՝ ազատությունից զրկված անձանց հասարակությանը վերաինտեգրելու գործում շատ կարևոր է, որպեսզի վերջիններս մշտապես կապի մեջ գտնվեն արտաքին աշխարհի հետ և պահեն կապը արտաքին աշխարհի հետ։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում, առկա որոշակի սահմանափակումներով հանդերձ, օրենսդրական մակարդակով ամրագրված է կրոնական ազատությունը ազատությունից զրկելու համար նախատեսված վայրերում։

 

Կրոնի ազատությունը անազատության մեջ գտնվելիս

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև հավասարության և կրոնական ազատության իրավունքները սահմանված են նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում։

Վերը նշված օրենքներում սահմանվել է բոլոր ձերբակալվածների, կալանավորվածների և դատապարտյալների համար պատիժը կրելու կարգի և պայմանների հավասարություն՝ անկախ կրոնից։

Ձերբակալվածները, կալանավորվածներն ու դատապարտյալներն ունեն մտքի, խղճի և դավանանքի ազատություն, և այն որևէ կերպ սահմանափակված չէ։

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք

Հոդված 8.               Օրենքի առջև դատապարտյալների հավասարության սկզբունքը

Պատիժը կատարելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր դատապարտյալների վրա՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:

Հոդված 12.             Դատապարտյալի հիմնական իրավունքները

  1. Դատապարտյալն իրավունք ունի՝…

8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության։

 

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք

Հոդված 2.               Ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները

Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն իրականացվում է օրինականության, ձերբակալված կամ կալանավորված անձանց` օրենքի առաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին և Քրեական դատավարության օրենսգրքին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպես նաև անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ:

Սույն օրենքով նախատեսված` ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր ձերբակալված կամ կալանավորված անձանց վրա` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հոդված 13.             Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները

Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի`

8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է անազատության վայրեր հոգևորական հրավիրելու, կրոնական ծիսակատարություններ անցկացնելու, պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից օգտվելու իրավունք։ Այս իրավունքների իրացման համար անազատության մեջ պահելու վայրի ղեկավարությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է նաև կրոնական կազմակերպությունների օժանդակությամբ կազմակերպել կրոնական միջոցառումներ։ Նմանատիպ պարտավորություն սահմանված չէ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի համար, որն ըստ էության պայմանավորված է դատապարտյալների և կալանավորվածների պահման կարգի և պայմանների տարբերությամբ։

Ձերբակալվածներին պահելու վայրերում կրոնական միջոցառումներ անցկացնելն արգելված է: Ըստ էության սա ևս բխում է ձերբակալվածների պահման կարգից և պայմաններից։ Ձերբակալվածների պահման վայրերում անձը չի կարող 72 ժամից ավելի գտնվել, և նշված սահմանափակումն ունի կարճ ժամանակային տևողություն։ Սակայն, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ ձերբակալված անձանց նկատմամբ կիրառված սահմանափակումները չունեն օբյեկտիվ հիմքեր։

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք

Հոդված 91.             Մշակութային, կրոնական, լուսավորչական և մարզական միջոցառումներն ուղղիչ հիմնարկում

  1. Ուղղիչ հիմնարկ կարող է հրավիրվել հոգևորական։ Թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից։ Ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ նպատակով առանձնացնում է համապատասխան տարածք:
  2. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կազմակերպում է կրթական, մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միջոցառումներ:

ՀՀ օրենքը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին»

Հոդված 25.             Մշակութային, կրոնական, լուսավորչական, կրթական միջոցառումները կալանավորվածներին պահելու վայրերում և ձերբակալվածներին պահելու վայրերում

 Կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են պայմաններ` կալանավորված անձանց կողմից իրենց ազատ ժամանակը համապատասխան ձևով տնօրինելու համար: Այդ նպատակով ստեղծվում են նաև գրադարաններ:

Կալանավորվածներին պահելու վայրեր կարող են հրավիրվել հոգևորականներ, այդ վայրերում կարող են կազմակերպվել կրոնական ծիսակատարություններ: Կալանավորված անձինք կարող են օգտվել պաշտամունքի առարկաներից և հոգևոր գրականությունից:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծում կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ և բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար` պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները:

Ձերբակալվածներին պահելու վայրերում մշակութային, կրոնական, լուսավորչական, կրթական միջոցառումներ չեն իրականացվում:

  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի N 1543-Ն որոշմամբ սահմանված է կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից կրոնական ծեսերին մասնակցելու կարգը։

Որոշմամբ սահմանված է, որ կրոնական ծիսակատարություններն անցկացվում են դրա համար հատուկ հատկացված սենյակներում։ Ծեսերի կատարումը չպետք է խախտի կանոնակարգի պահանջները և այլ անձանց իրավունքները։ Հնարավորության դեպքում կրոնական ծեսերը կարող են անցկացվել նաև անազատության վայրերից դուրս՝ կրոնական ծիսակատարություններ կատարելու համար նախատեսված վայրերում (եկեղեցիներ, մզկիթներ և այլն)։

Կրոնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և պետք է բխի հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության, և այլ անձնաց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունից։

Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են իրենց մոտ ունենալ կրոնական գրականություն, պաշտամունքի առարկաներ, սակայն դրանք չպետք է լինեն ծակող-կտրող առարկաների ձև ունեցող, թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված և պատմական կամ մշակութային արժեք ներկայացնող: Ձերբակալված անձանց դեպքում կրոնական գրականության համար առկա է սահմանափակում՝ հինգ անվանումից ոչ ավելի։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի N 1543-Ն որոշում

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալներին երաշխավորվում է մտքի, խղճի և կրոնի ազատություն:

Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները կրոնական ծիսակատարությունները, որպես կանոն, կատարում կամ դրանց մասնակցում են դրանց համար հատուկ հատկացված սենյակներում: Թույլատրվում է միայն այնպիսի ծեսերի կատարումը, որոնք չեն խախտում սույն կանոնակարգի պահանջները կամ այլ անձանց իրավունքները:

  1. Կալանավորված անձինք և դատապարտյալները հնարավորության դեպքում կարող են կրոնական ծիսակատարությունները կատարել կամ դրանց մասնակցել` դրանց համար նախատեսված վայրերում:
  2. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ, հանձնուքներով ստանալ, ձեռք բերել, իրենց մոտ պահել կրոնական գրականություն, կրոնական պաշտամունքի առարկաներ` բացառությամբ ծակող ու կտրող առարկաների ձև ունեցող կամ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված կամ պատմական կամ մշակութային արժեք ներկայացնող իրերի, և օգտվել դրանցից:
  3. Իր կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են հասարակական անվտանգության, առողջության ու բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
  4. Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող է կազմակերպել կրոնական միջոցառումներ:
  5. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին հոգևոր օգնություն ցույց տալու համար` կալանավորված անձանց կամ դատապարտյալների միջոցներով, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել հոգևորականներ:

 

«ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 5 հունիսի 2008 թվականի N 574-Ն որոշում

ՑԱՆԿ

Սննդամթերքի, իրերի և առարկաների, որոնք ձերբակալված անձինք կարող են ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքով

18) գրականություն (ուսուցանող, կրոնական, պարբերական հրատարակչություն) հինգ անվանումից ոչ ավելի։

 

Կրոնական համոզմունքներով պայմանավորված սննդից հրաժարվելը անազատության վայրերում

ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում հատուկ և ուղղակի կարգավորումներ չկան անազատության մեջ գտնվող անձի կողմից կրոնական կամ այլ համոզմունքներով պայմանավորված որոշակի սննդից հրաժարվելու, ինչպես նաև՝ վարչակազմի կողմից անազատության մեջ գտնվող անձին իր համոզմունքներին համապատասխան սննդով ապահովելու հետ կապված։

Անազատության մեջ գտնվող անձի կողմից իր համոզմունքներով պայմանավորված որոշակի սննդից հրաժարվելու իրավունքն ուղղակիորեն բխում է խղճի և դավանանքի ազատության իրավունքից, իսկ անազատության մեջ գտնվող անձին իր համոզմունքներին համապատասխան սննդով ապահովելու վարչակազմի պարտավորությունը պետք է բխեցվի վերջինիս՝ անազատության մեջ գտնվող անձի օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով ապահովելու պարտավորությունից՝ խղճի և դավանանքի ազատության իրավունքի իրացման համատեքստում։

 Եվրոպական բանտային կանոնների 25.1-րդ կետը սահմանում է, որ սննդի հարցում դատապարտյալներին պահելու վայրի վարչակազմը պետք է հաշվի առնի նրանց կրոնական և մշակութային առանձնահատկությունները: Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների 6-րդ կետը նույնպես պահանջում է հարգել հիմնարկի բնակչության այu կամ այն խմբին պատկանող բանտարկյալների կրոնական համոզմունքներն ու բարոյական նախադրույթները:

 

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք

Հոդված 76.             Դատապարտյալի սնունդը

  1. Դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում ապահովվում է օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով, որի օրական միջին չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք

Հոդված 19.          Ձերբակալված և կալանավորված անձանց սնունդը, սննդամթերք և անհրաժեշտ առարկաներ ձեռք բերելը

 Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սննդի որակը և սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է:

 

Դիմումի տիպային օրինակներ

Ուղղիչ հիմնարկում հոգևորական հրավիրելու դիմումի տիպային ձև


Կալանավայրում հոգևորական հրավիրելու դիմումի տիպային ձև