Ատելության խոսքը կրոնական համոզմունքների հիմքով

Նախաբան

ՀՀ իրավական համակարգում ատելության խոսքը սահմանված է միայն քրեական օրենսդրությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքում։ Վարչական և քաղաքացիական օրենսդրությունում բացակայում է ատելության խոսքի վերաբերյալ որևէ նորմ։ Հետևաբար, ատելության խոսքի ոտնձգությունից պաշտպանվելու իրավական պաշտպանության կառուցակարգը թերի է։ Այլ` քաղաքացիական և վարչական ոլորտներում իրավական պաշտպանություն ատելության խոսքից կարելի է հայցել այլընտրանքային նորմերով, որոնց մասին կխոսվի այս հոդվածում։

Ատելության խոսքի վերաբերյալ քրեական օրենսդրությունը

Քրեական օրենսգրքի 226-րդ հոդված

Ատելության խոսքի քրեաիրավական մոդելը սահմանված է 18․04․2003թ․-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում, որը սահմանում է հետևյալը․

ՀՈԴՎԱԾ 226     Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը

1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,

2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդվածը ատելության խոսքի հանցակազմը սահմանում է անձնական երեք հատկանիշներով (պաշտպանվող հատկանիշներ), որից մեկը կրոնական համոզմունքն է։ Դա բարենպաստ իրավական հիմքեր է ստեղծում կրոնական համոզմունքների հիմքով ատելության խոսքից արդյունավետ պաշտպանվելու համար։

Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածը հանցագործության որակյալ հատկանիշների շարքում սահմանում է նաև կրոնական ատելությունը և կրոնական մոլեռանդությունը։ Դա նշանակում է, որ օրենսգրքով սահմանված ցանկացած հանցագործություն ձեռք է բերում որակյալ հատկանիշ, այսինքն՝ պատասխանատվությունը և պատիժը խստացնող իրավական հիմքեր, եթե կատարվել է կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով` որպես հանցագործության սուբյեկտիվ հատկանիշ։ Դա, օրինակ, վերաբերում է այնպիսի արարքների, որոնք կարող են ունենալ ատելության խոսքի ընդհանուր հատկանիշներ, ինչպես օրինակ՝ ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերը (հոդված 385), ցեղասպանության հրապարակային հրահրումը (հոդված 393.1) կամ ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը (հոդված 397.1): Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում ատելության խոսքի առավել տարածված դրսևորումները տեղի են ունենում 226 հոդվածի հիմքերով։  

Այդուհանդերձ պետք է նշել, որ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում ատելության խոսքի հանցակազմը ամբողջական չէ և չի համապատասխանում ատելության խոսքի միջազգային չափանիշներին։ Այս հոդվածը սահմանում է միայն թշնամանք հարուցելու հանցավոր արարքը, սակայն չի սահմանում ատելություն, բռնություն և խտրականություն հարուցելու հանցավոր արարքները։ Ավելին, օրենսգրքում չեն տարբերակված «հարուցելը» և «տարածելը», որոնք առանձին գործողություններ են և մեկը մյուսով չի կլանվում։ Օրինակ, համացանցի հարթակում և թվային տեխնոլոգիաներով ատելության խոսք պարունակող նյութերի տարածումը կարելի է անել առանց որևէ թշնամական, ատելության մտքեր արտահայտելու, նույնիսկ լռելայն, ու նման գործողությունները կարելի է միայն մեկնաբանության ուժով նույնացնել «հարուցելու» գործողության հետ, որպեսզի 226-րդ հոդվածը կիրառելի լինի։ Այսպիսով՝ հոդվածում բացակայում են ատելության խոսք տարածելու, և ատելություն, բռնություն և խտրականություն հարուցելու հանցավոր հատկանիշները։

Տվյալ դեպքում խորհուրդ է տրվում իրավակիրառ պրակտիկայում կամ կոնկրետ գործի շրջանակներում և համապատասխան հիմքերի առկայության պայմաններում բարձրացնել վերը նշված նյութաիրավական հիմքերի բացակայության հարցը և վիճարկել այս նորմը ՀՀ Սահմանադրության 29-րդ, 41-րդ, 77-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված երաշխիքների բովանդակության հետ անհամատեղելիության համատեքստում։

Քրեական օրենսգրքի 226.2 հոդված

ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը սահմանում է խտրական հիմքերով հրապարակային բռնության կոչեր արձակելու հանցագործության հատկանիշները։ Հոդվածը, մասնավորապես, սահմանում է հետևյալը․

Հոդված 226.2.    Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Այս հոդվածի կարևորությունը կայանում է նրանում, որ խտրականության արգելքով պաշտպանված հատկանիշները ոչ թե երեքն են, ինչպես 262-րդ հոդվածում, այլ բազմաթիվ՝ ընդհուպ մինչև խտրականության համընդհանուր արգելքը, որը սահմանվում է վերջին նախադասությամբ՝ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» արտահայտությամբ։ Բոլոր դեպքերում, կրոնը, որպես ինքնուրույն հատկանիշ ամրագրված է հոդվածում, իսկ վերջին արտահայտությունը կարող է կիրառվել ցանկացած անձնական կամ հասարակական բնույթի երևույթի վերաբերյալ, եթե դրանք որևէ կերպ առնչվում են անձի կրոնական համոզմունքներին, սակայն հստակորեն չեն կարգավորվում օրենսգրքով։ Օրինակ, ագրեսիվ պատերազմի հրապարակայի կոչեր սահմանող 385-րդ հոդվածում կրոնը, որպես հանցագործության շարժառիթ կամ օբյեկտիվ հատկանիշ, սահմանված չէ, հետևաբար, կրոնի հիմքով ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչը կարող է կարգավորվել 226.2 հոդվածով՝ ընդգծելու համար հանցագործության խտրական շարժառիթը՝ կրոնական համոզմունքի նկատմամբ նախապաշարմունքը։ 

Հոդվածով քրեականացվում է նաև բռնությունն արդարացնելը կամ քարոզելը, որը նորություն է քրեական իրավունքում։

Ատելության խոսքի վարչական օրենսդրությունը

Վարչական օրենսդրությունը բաղկացած է «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքից և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից։ Այս երկու օրենսդրական ակտերում բացակայում է ատելության խոսքի վերաբերյալ որևէ դրույթ։ Հարց է բարձրանում, թե արդյոք իրավաչափ է նման կարգավորումը, և թե արդյոք դա համահունչ է քաղաքացիների սահմանադրական երաշխիքների հետ։

Վարչական իրավունքը կարող է արդյունավետ դեր խաղալ ատելության խոսքի տարածումը զսպելու հարցում, երբ ատելության խոսքի ծանրությունը և հանրային վտանգավորությունը չեն հասնում քրեական իրավունքի նվազագույն շեմին, սակայն հասարակական կարգի և անդորրի պահպանման շահերից ելնելով առկա է նման խոսքը կարգավորելու հասարակական անհրաժեշտություն։ Վարչական պատասխանատվության միջոցները նաև նվազ ծանրաբեռնող և խարանող են, քան քրեական օրենսդրությամբ սահմանված պատիժները, և, որպես այդպիսին, կարող են լինել արդյունավետ, երբ անհրաժեշտ է ապահովել նուրբ հավասարակշռություն ազատ արտահայտվելու իրավունքի և ատելության խոսքից  հանրությանը պաշտպանելու հասարակական իրավաչափ շահի միջև։ Պրակտիկայում տեղի են ունենում դեպքեր, երբ սոցիալական ցանցով որևէ անձի կամ կրոնական միության հասցեին հնչեցված սանձարձակ բնույթի հայտարարությունները, հայհոյանքները իրենց լրջությամբ, հանրային վտանգավորության աստիճանով չեն պահանջում քրեական իրավունքի միջամտություն՝ այս իրավունքի երկու կարևոր հատկանիշներով՝ պատժողական և նախականխող նպատակներով, այդուհանդերձ, նման հայտարարությունները կարող են խախտել կամ վտանգել հասարակական կարգը, հետևաբար պահանջում են հանրության միջամտությունը նման վարքագիծը կարգավորելու նպատակով։ Վարչական իրավունքի նպատակը մեծամասամբ կարգավորելու մեջ է, քան պատժելու, և որոշակի հանրային բնույթի արարքների համար առավել նպատակահարմար է վարչական եղանակով արձագանքը, քան քրեական բնույթի պատիժը։ Վարչական կարգավորումը հնարավորություն է տալիս առավել նրբորեն ու արդյունավետ կերպով փոխհավասարակշռել բախվող լեգիտիմ մրցակցող իրավունքները՝ հատկապես, եթե դրանցից մեկը արտահայտվելու ազատության, ազատ խոսքի իրավունքն է։

Բացի նշվածից, վարչական իրավունքն ունի ևս մեկ հատկանիշ, որը չունի քրեական իրավունքը։ Վարչական ընթացակարգը, և արդարադատությունը ընդհանուր առմամբ, առավել արագ են գործում, իրավական հետևանքը առավել արագ է վրա հասնում, քան քրեականը։ Եթե, օրինակ, որևէ անձ սոցիալական ցանցի իր էջում տեղադրում է կրոնական կազմակերպության հասցեին հայհոյախառն արտահայտություններ, ու դա անում է պարբերաբար, ապա նրա նկատմամբ կարելի է նախ փորձել կիրառել հասարակական ներգործության վարչաիրավական մեթոդներ, իսկ այնուհետև, անհրաժեշտության դեպքում՝ քրեաիրավական հարկադրանքի միջոցներ։ Վարչաիրավան մեթոդների արձագանքը տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, իսկ քրեաիրավական մեթոդները տևում են ամիսներ ու տարիներ՝ առավել մեծ ռեսուրսների օգտագործմամբ։

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ՌԵԱՀ) Ընդհանուր քաղաքականության Թիվ 15 հանձնարարականի 8-րդ առաջարկությամբ հանձնարարվում է ատելության խոսքի դեմ սահմանել նաև քաղաքացիական և վարչական պատասխանատվության մեխանիզմներ՝ Անդամ պետություններին առաջարկելով, որ նրանք իրենց օրենսդրությամբ․

<<հստակեցնեն ատելության այնպիսի խոսքի քաղաքացիական եւ վարչական պատասխանատվության շրջանակները եւ կիրառելիությունը, որը նպատակ ունի հրահրել կամ ողջամտորեն կարող է ակնկալվել, որ կհրահրի բռնարարքներ, ահաբեկում, թշնամանք կամ խտրականություն այն անձանց նկատմամբ, որոնք թիրախավորվում են դրանով՝ միեւնույն ժամանակ հարգելով արտահայտվելու եւ կարծիք ունենալու ազատության իրավունքը>>։

8-րդ հանձնարարականի մեկնաբանությունից (տրված է Թիվ 15 ԸՔՀ-ին ուղեկցող բացատրական հուշագրում), բխում է, որ որպեսզի օրենսդրությունը համատեղելի լինի ազատ արտահայտվելու իրավունքի հետ, անհրաժեշտ է, որ օրենքը առավել կենտրոնանա ատելության խոսքի հնարավոր վնասի, այլ ոչ թե բովանդակության վրա։ Այդպիսով, անհրաժեշտ է, որ քրեական օրենսդրությունը ուղղված լինի ատելության այնպիսի խոսքի կարգավորմանը, որը նպատակ ունի հրահրել բռնարարքներ, ահաբեկում, թշնամանք կամ խտրականություն[1], կամ եթե կարելի է ողջամտորեն ակնկալել, որ խոսքը կհանգեցնի այդպիսի անձնական ու հասարակական վնասի[2]։ Հետեւաբար, ատելության խոսքի այն տեսակը, որն առավելապես կարող է ոչ թե վնաս պատճառել, այլ խաթարել հասարակական կարգը, ցանկալի է, որ կարգավորվի վարչական օրենսդրությամբ։ Այդ դեպքում նման կարգավորումը առավել հեշտ կլինի հավասարակշռել ազատ խոսքի իրավունքի կամ տեղեկություններ ստանալու հասարակական շահի հետ։ Նույն համատեքստում պետք է նաև նկատի ունենալ այն հանգամանքը, որ վարչաիրավական կարգավորման պարագայում հնարավոր կլինի իրավական պաշտպանության առավել թեթև, դինամիկ կարգավորումներ կիրառել, ինչպես օրինակ՝ վարչական դրամական տույժի սահմանում, հրապարակումը հեռացնելու կամ արգելափակելու մասին վարչական ակտի կայացում՝ այդ թվում նաև արագացված վարչարարության ընթացակարգով, ինչպես նաև դատական որոշումով արգելանքի միջոցի կիրառում և այլ միջոցներ։

Ուստի՝ խորհուրդ է տրվում քննարկման առարկա դարձնել վերը նշված իրավական բացը և դրա համապատասխանությունը սահմանադրաիրավական երաշխիքներին։ Առաջարկվում է նախաձեռնել ռազմավարական դատավարություն այն դեպքերի առնչությամբ, երբ սոցիալական հարթակում կամ հանրային որևէ այլ եղանակով կրոնական կազմակերպության կամ որևէ անձի հասցեին կհնչեն կրոնական անհանդուրժողականության խոսքեր՝ այնպիսի եղանակով, որը բացի կազմակերպության կամ անձի անհատական իրավունքին միջամտող բնույթի լինելուց, կհանդիսանա նաև հասարակական կարգը (հասարակական ընդունված բարոյական նորմերը, հասարակական անդորրը, խաղաղությունը, հասարակական համակեցության կանոնները, և այլն) վտանգող բնույթի հայտարարություն։

[1] ՌԱԵՀ-ի Ընդհանուր քաղաքականության Թիվ  15 հանձնարարական (ԹԻՎ  15 ԸՔՀ), 148-րդ պարբերություն։

[2] ԹԻՎ  15 ԸՔՀ, 152-րդ պարբերություն։

Ատելության խոսքի քաղաքացիաիրավական կարգավորումը

Ինչպես Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի դեպքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նույնպես բացակայում է որևէ դրույթ ատելության խոսքի՝ որպես քաղաքացիական իրավունքով պաշտպանվող օբյեկտի մասին։ Ավելին, օրենսգրքում բացակայում է նաև հակախտրականության վերաբերյալ որևէ նորմ։ Սա նույնպես լրջագույն բաց է օրենսդրության մեջ։

Այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված են վիրավորանքի ու զրպարտության նորմեր (Հոդված 1087.1) ոչինչ չի փոխում, քանի որ ատելության խոսքը նյութաիրավական այլ հիմքեր ունի, քան վիրավորանքն ու զրպարտությունը, և եթե որոշ դեպքերում ատելության խոսքը կարող է ներկայացվել որպես վիրավորանքի կամ զրպարտության դրսևորում (օրինակ՝ թրոլինգի դեպքում), մեծամասամբ այս նորմերը չեն կարող իրավական պաշտպանության արդյունավետ պաշտպանության հիմք հանդիսանալ։

Նշված իրավական բացի պատճառով քաղաքացիները հաճախ ատելության խոսքի համար դատարան դիմելիս հիմնվում են 1087.1 հոդվածի վրա՝ հայցելով պաշտպանություն խտրականություն, անհանդուրժողականություն հարուցող խոսքից։ Նման դատավարությունները ցանկալի արդյունք չեն բերում, քանի որ վիրավորանքի կամ զրպարտության նյութաիրավական հիմքերը տարբերվում են ատելության խոսքի նյութաիրավական հիմքերից։ Հետևաբար, ցանկալի է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվի ատելության խոսքի արգելքը՝ որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների ինքնուրույն օբյեկտ։ Կամ, որպես այլընտրանք, ընդունվի խտրականության արգելքի վերաբերյալ ինքնուրույն, առանձին և հատուկ օրենք։

Ուստի՝ խորհուրդ է տրվում համապատասխան իրավական գործընթացների ընթացքում բարձրացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում խտրականության արգելքի կամ ատելության խոսքի սահմանման ևհամապատասխան իրավական նորմի բացակայության հարցը։

Ատելության խոսքի կարգավորումը տեսալսողական մեդիայի ոլորտում

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2020 թվականի օգոստոսին՝ փոխարինելով 2000 թվականից ուժի մեջ գտնվող «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» ՀՀ օրենքը։ Սույն օրենքը չի կարգավորում համացանցի տիրույթը։ Հետևաբար, տեսալսողական մեդիայի այն հաղորդումները որոնք հեռարձակվում են YouTube և այլ համացանցային հարթակներով, դուրս են այս օրենքի կարգավորման շրջանակից։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում սահմանված է ատելության խոսքի արգելքի մասին դրույթ։ Ատելության խոսքի արգելքը սահմանող դրույթը 9-րդ հոդվածի 7-րդ կետն է, որը ատելության խոսքի արգելքը սահմանում է չորս պաշտպանվող հատկանիշներով՝  ազգային, ռասայական, կրոնական և սեռային։

ՀՈԴՎԱԾ 9․ Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը

    1. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնք հետապնդում են ազգային, ռասայական, սեռային և կրոնական հատկանիշներով խտրականություն քարոզելու նպատակ կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:

Կրոնական հատկանիշը սահմանված է որպես արարքի օբյեկտիվ հատկանիշ, որը բարենպաստ մոտեցում է։ Հոդվածը հիմք է տալիս պետական կարգավորող մարմնին՝  Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովին, որը օրենքի ուժով օժտված է հեռուստառադիոհաղորդումները մշտադիտարկելու իրավասությամբ, օրենքի 32-րդ հոդվածի հիմքով հսկողություն իրականացնել հեռարձակողի լիցենզիայում նշված պայմանների և սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաև տեսալսողական հաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզել հաղորդումների համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պահանջներին՝ այդ թվում նաև վերը նշված հոդվածի պահանջներին։ Նշված իրավասությունների կիրառության հիմքով հանձնաժողովը օրենքի 55-րդ հոդվածի հիմքով իրավունք ունի պատասխանատվության ենթարկել <<տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու>> դեպքում։

Տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորվում է նաև «Լիզենզավորման մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն ՀՌՀ-ն իրավունք ունի նույն օրենքի պահանջների խախտման համար 55-րդ հոդվածի հիմքով կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները․

1) գրավոր նախազգուշացում,

2) տուգանք,

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում,

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

Օրինակ՝ ՀՌՀ-ն 2019 թվականի հունիսին ՀՌՀ-ն «Ցայգ» հեռուստաընկերության նկատմամբ կրոնական ատելություն/ռասիզմ պարունակող բովանդակություն տարածելու համար նախկին օրենքի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա նշանակել է վարչական տույժ 500․000 ՀՀ դրամի չափով։ Հետևաբար, ՀՌՆ-ն իրավասու է վերը նշված պատասխանատվության միջոցները կիրառել նաև ներկա օրենքի համաձայն՝ կրոնական խտրականություն, թշնամություն, ատելություն տարածելու համար։

Ինչ վերաբերում է «Լիզենզավորման մասին» ՀՀ  օրենքին, ապա ՀՌՀ-ն այս օրենքի 35-րդ հոդվածի հիմքով իրավասու է, որպես պետական կարգավորման մարմին, կասեցնել հեռարձակողի լիզենզիան, եթե լիցենզավորված անձի կողմից թույլ են տրվել օրենքի, լիցենզավորման կարգի կամ լիցենզավորման պայմանների ու պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաև այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին կամ բարի համբավին: Թեև այս հոդվածը շատ լայն է, խիստ տեսական ու անորոշ, այդուհանդերձ, կարող է հիմք հանդիսանալ իրավական պաշտպանության միջոց հայցելու համար, որպեսզի կասեցվի այն մեդիա հեռարձակողի լիցենզիան, որը հեռարձակում է կրոնական խտրականություն ու թշնամանք հարուցող հաղորդումներ։ Իհարկե, ՀՌՀ-ն նման դեպքերում առաջին հերթին կնախընտրի բավարարվել վարչական տույժի՝ տուգանքի ենթարկելով, որպես համաչափության դրսևորում, սակայն 55-րդ հոդվածի հիմքով իրավասու է նաև կասեցնել կամ նույնիսկ դադարեցնել հեռարձակման լիցենզիան։

Բացի վերը նշվածից, օրենքը հանրային հեռարձակողներին պարտավորեցնում է «սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական և սեռային հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը>> (հոդված 22, 6-րդ մաս, 3-րդ կետ, գ-ենթակետ): Սույն կարգավորումը արտահայտում է պետության պոզիտիվ պարտավորությունը ապահովելու, որպեսզի տեսալսողական ծառայություններ մատուցող ընկերությունները ձեռնարկեն միջոցներ կրոնական խտրականության հիմքով կարծրատիպերի հաղթահարման ուղղությամբ։ Դա կարող է ներառել նաև ատելության խոսքի դեմ պայքարի շրջանակներում պոզիտիվ, ոչ իրավական բնույթի քայլեր ձեռնարկելու պարտավորություններ, ինչպես  օրինակ՝ իրազեկման, խորհրդատվական, ուղեցույցային բնույթի գործողություններ ու որոշումներ։

Ուստի՝ խորհուրդ է տրվում կատարել ռադիոհեռուստաընկերությունների պարբերական մոնիթորինգ և կրոնական ատելություն, թշնամություն, անհանդուրժողականություն հարուցող, քարոզող, տարածող հաղորդումների առկայության դեպքում հարուցել վարչական վարույթ և ՀՌՀ-ից պահանջել ընդունել վարչական ակտ տվյալ հեռարձակող սուբյեկտի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Բարենպաստ վարչական ակտ չընդունելու դեպքում ՀՌՀ-ի որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ վարչական դատավարության կարգով։

Փափուկ օրենքներ

Փափուկ օրենքները սահմանվում են ինքնակարգավորման մարմինների կողմից՝ կարգավորելու համար այնպիսի իրավահարաբերություններ, որոնք տվյալ մարմիններն առավել նպատակահարմար են համարում, որ կարգավորվի ավտոնոմ եղանակով՝ առանց պետական միջամտության։ Ըստ այդմ, մի շարք լրատվական կազմակերպություններ ընդունել են լրագրողական վարքագծի նորմեր, որոնցում սահմանվել են նաև ատելության խոսքի արգելքի վերաբերյալ դրույթներ։ Հաշվի առնելով լրատվամիջոցներ գործունեության հանրային բնույթը, նման նորմերի արգելքը ունի հանրային նշանակություն։ Ներկայացնենք նման նորմերից մի քանիսը։

Հայաստանի 47 լրատվամիջոցներ ընդունել են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրք իրենց գործունեության էթիկական սկզբունքների մասին։  Կանոնագրքի 5-րդ հոդվածը սահմանում է հետևյալը․

ՀՈԴՎԱԾ 5․ Հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների եւ համամարդկային արժեքների նկատմամբ

 5.2. որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը:

Կանոնագրքի կիրառման նպատակով ստեղծվել է վեճերի լուծման <<Դիտորդ>> մարմինը, որը ներկայացուցչական մարմին է և ներկայացված դիմումների հիման վրա իրականացնում է քննություն և կայացնում որոշում վարքականոնի դրույթների խախտման առկայության կամ բացակայության մասին և հրապարակում որոշում։ Դիտորդ մարմինը հեղինակավոր մարմին է լրագրողական համայնքում։ Կանոնագիրքն ընդունած լրատվամիջոցները որպես կանոն ի գիտություն ընդունում են Դիտորդ մարմնի որոշումը և ջանում են չխախտել վարքականոնի նորմերը` իրենց գործունեություն հարմարեցնելով վարքականոնի նորմերին։ Մի շարք դեպքերում, Դիտորդ մարմնի որոշումները ներկայացվել են նաև դատական վեճերի ընթացքում՝ դատավարության մասնակիցների կողմից։

Ուստի՝ խորհուրդ է տրվում Կանոնագիրքն ընդունած 47 լրատվամիջոցների հարթակներում կամ լրագրողների կողմից իրենց անձնական հարթակներում ատելության խոսքի առկայության դեպքում նախաձեռնել իրավական գործընթաց Դիտորդ մարմնի առջև։