Խղճի և դավանանքի ազատության արտահայտման սահմանափակումները

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը։ Այն բացարձակ իրավունք է և չի կարող որևէ կերպ սահմանափակվել։

Մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը չի կարող սահմանափակվել արտակարգ և ռազմական դրության ժամանակ, ինչի մասին ուղղակիորեն նշված է նաև ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածում։

ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ 2-րդ գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է։

Այս նորմն ուղղակիորեն արգելում է հանրային իշխանությանը և նրա մարմիններին որևէ կերպ խախտելու հիմնական իրավունքները և ազատությունները, բայց միևնույն ժամանակ հանրային իշխանության և նրա մարմինների  համար սահմանում է պարտականություն՝ իրավական կարգավորման շղթայում  բովանդակային առումով չխեղաթյուրել, չչեզոքացնել  և չխախտել դրանց էությունը:

Խղճի և դավանանքի ազատության արտահայտման սահմանափակումները

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը։ Այն բացարձակ իրավունք է և չի կարող որևէ կերպ սահմանափակվել։

Ի տարբերություն մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի, մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման ազատության սահմանափակման դեպքերը, հիմքերը, կարգն ու պայմանները։ Մասնավորապես․

Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (Հոդված 41):

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները (Հոդված 81):

ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը հանդիսանում են ՀՀ իրավական համակարգի անբաժանելի մասը (Հոդված 5), և հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան (Հոդված 81

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (1949թ.) 9-րդ հոդվածով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (1966թ.) 18-րդ հոդվածով սահմանված են կրոնի կամ համոզմունքների արտահայտման ազատության սահմանափակման պայմանները, որոնք ընկած են այդ իրավունքի սահմանափակման ՀՀ սահմանադրաիրավական կարգավորման հիմքում։

Մարդու իրավունքների  և հիմնարար ազատությունների սահմանափակման հետ կապված խնդիրներին առնչվելիս պետք է հաշվի առնել հետևյալը․ միջամտությունը պետք է՝

  • լինի օրենքով սահմանված կարգով, ինչը ենթադրում է օրենքի առկայություն (օրենսդրական նորմ, ցանկացած նորմատիվ իրավական ակտ, նախադեպ կամ դատական պրակտիկա) և oրենքի որոշակիություն (իրավաչափ (լեգիտիմ) օրենք, օրենքի «որակ»՝ կանխատեսելիություն (հստակություն) և մատչելիություն).
  • հետապնդի իրավաչափ նպատակ (ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության, այլ անձանց իրավունքների եւ ազատությունների).
  • անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում, երբ առկա են հրատապ հասարակական պահանջ, անհատական և հասարակական շահերը փոխհավասարակշռելու համաչափ միջոցներ, վերաբերելի, օբյեկտիվ ու բավարար հիմքեր, ռացիոնալ կապ միջոցի ու նպատակի միջև։

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված է իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքը, որի համաձայն հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է լինեն պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված է որոշակիության սկզբունքը, որի համաձայն հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նույնպես ներառված են խղճի և կրոնի ազատության սահմանափակումների կարգավորման վերաբերյալ նորմեր։ Մասնավորապես․

  • Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որևէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:

Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը և կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար: