Կրոնի հատկանիշով վիրավորանքի և զրպարտության դեպքերում պաշտպանություն իրականացնելը

Նախաբան

Կրոնական հատկանիշով վիրավորանքի և զրպարտության դեպքերը պրակտիկայում բացառություններն չեն և ցավոք սրտի միտում ունեն աճելու։ Այդպիսի դեպքերում անձը (կրոնական կազմակերպությունը կամ անհատը), որը գտնում է, որ իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել է, կարող է օգտվել իր իրավունքների դատական և/կամ արտադատական պաշտպանության միջոցներից։

Կիրառելի իրավական սկզբունքները, նորմերը, նախադեպային որոշումները

Կրոնական հատկանիշով վիրավորանքի և զրպարտության իրավահարաբերությունների կիրառելի իրավական կարգավորումները, իրենց աստիճանականությամբ, սկսում են ՀՀ սահմանադրությունից։

Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորվում է խտրականության արգելքը, որտեղ ի դեմս այլ հատկանիշների, սահմանվում է, որ խտրականությունը կախված կրոնից արգելվում է։

Սահմանադրության անփոփոխելի հոդված հանդիսացող 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդը բարձրագույն արժեք է և մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։

Սահմանադրության 23-րդ հոդվածում երաշխավորվում է շատ կարևոր սկզբունք այն մասին, որ մարդու արժանապատվությունը անխախտելի է, որը նշանակում է, որ որևէ հանգամանք կամ իրադրություն չի կարող հիմք հանդիսանալ անձի արժանապատվությունը ոտնահարելու համար։ Հիշյալ նորմը կրում է բացարձակության բաղադրիչ, այսինքն` իրենից ենթադրում է, որ պետությունը չի կարող որևէ օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանափակել այդ իրավունքը։

Կիրառելի իրավական կարգավորումներ են նախատեսված նաև Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված միջազգային պայմանագիր հանդիսացող կոնվենցիաներով․ Մասնավորապես․

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված է ազատորեն արտահայտվելու իրավունքը։ Հոդվածի 2-րդ մասում սահմանվել է ազատության սահմանափակման հիմքերը, դրանք են՝ սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով և թիվս այլ հիմքերի, պետք է ուղղված լինեն անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն։ Այլ կերպ ասած՝ արտահայտվելու ազատությունը անսահմանափակ չէ և կարող է սահմանափակվել, եթե դա նախատեսված է օրենքով և եթե ունի լեգիտիմ նպատակ։

Կոնվենցիայի 14-րդ հոդվածում սահմանվել է խտրականության արգելքը, որտեղ սահմանվել է Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն առանց խտրականության՝ ի թիվս այլ հատկանիշների, նաև անկախ կրոնի հատկանիշից։

ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 7-րդ հոդվածով երաշխավորված է մարդկանց հավասարության իրավունքը առանց որևէ խտրության, իսկ 19-րդ հոդվածը սահմանում է համոզմունքների ազատությունը և դրանց անկաշկանդ արտահայտելու իրավունքը։

Վիրավորանքի և զրպարտության հետ կապված հիմնական կարգավորումները տրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով, իսկ այդ գործերով տարբեր իրավական խնդիրների լուծման ժամանակ կիրառելի իրավական մեկնաբանություններ են տրված ՀՀ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի հետևյալ որոշումներում․

  1. ՀՀ Սահմանադրական դատարանի 15․11․2011թ․ թիվ ՍԴՈ-997 որոշում․
  2. Վճռաբեկ դատարանի 27․04․2012թ․ թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով որոշում
  3. Վճռաբեկ դատարանի 19․10․2012թ․ թիվ ԵԿԴ/1495/02/11 գործով որոշում
  4. Վճռաբեկ դատարանի 05․04․2013թ․ թիվ ԵԿԴ/3246/02/11 գործով որոշում
  5. Վճռաբեկ դատարանի 04․07․2013թ․ թիվ ԵԿԴ/0807/02/11 գործով որոշում
  6. Վճռաբեկ դատարանի 04․10․2013թ․ թիվ ԵԿԴ/3260/02/11 գործով որոշում
  7. Վճռաբեկ դատարանի 04․10․2013թ․ թիվ ԵԱԴԴ/0524/02/12 գործով որոշում
  8. Վճռաբեկ դատարանի 08․05․2014թ․ թիվ ԱՎԴ/0179/02/13 գործով որոշում
  9. Վճռաբեկ դատարանի 22․07․2016թ․ թիվ ԵՄԴ/2775/02/14 գործով որոշում
  10. Վճռաբեկ դատարանի 02․12․2016թ․ թիվ ԵԿԴ/1320/02/14 գործով որոշում
  11. Վճռաբեկ դատարանի 18․10․2019թ․ թիվ ԵԱԴԴ/2612/02/16 գործով որոշում

Վերոգրյալ իրավական սկզբունքները, նորմերը և նախադեպերը կիրառելի են կրոնական հատկանիշով վիրավորանքի և զրպարտության իրավահարաբերությունների նկատմամբ և կարող են իրավունքների արտադատական կամ դատական պաշտպանության ընթացքում վկայակոչվել ինչպե՛ս բանավոր ելույթներում, այնպես էլ գրավոր համապատասխան փաստաթղթերում:

Իրավունքների պաշտպանության միջոցները ու եղանակները

Անձը, ով գտնում է, որ դարձել է զիրավորանքի կամ զրպարտության զոհ, կարող է պաշտպանել իր արժանապատվությունը իրավունքների պաշտպանության դատական և արտադատական եղանակներով։

Իրավունքների դատական պաշտպանության կարգավորումները

Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ, վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

Պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու դեպքերում անձի դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները Սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով, այս բաժնում այսուհետ՝ Հոդված,

Ընդ որում, պետք է տարանջատել պատիվը և արժանապատվությունը գործարար համբավից։ Իրավաբանական անձինք կամ ձեռնարկատերերը կարող են վկայակոչել միայն իրենց գործարար համբավի արատավորման մասին, իսկ ֆիզիկական անձինք՝ սովորաբար՝ պատվի և արժանապատվության արատավորման մասին։ Պետք է հստակ արձանագրել, որ իրավաբանական անձինք կամ ձեռնարկատերերը չեն կարող հղում կատարել իրենց պատվի և արժանապատվության արատավորմանը, իսկ ֆիզիկական անձինք պետք է հիմնավորեն, թե ի՞նչ փաստական տվյալներով է հիմնավորվում իրենց գործարար համբավի արատավորումը։

Վիրավորանքի և զրպարտության իրավական բովանդակությունը սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում։

Վիրավորանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

«Վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում:

Անձի համբավին վնաս պատճառող այն բացասական կարծիքը կամ գնահատող դատողությունը, որը հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա և արված է արդար մտադրություններով, ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք։

Կոնկրետ արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես

  1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,
  2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար, կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը։
  3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը:

Հրապարակային արտահայտությունը կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Կոնկրետ արտահայտությունը զրպարտություն գնահատելու համար կարևոր են հետևյալ չափանիշները, մասնավորապես

  1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
  2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
  3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
  4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևէ կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է առկա լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ, որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ։

Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխղճորեն, որը  ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք, և հավասարակշռված՝ ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:

Ըստ Հոդվածի 5-րդ մասի զրպարտություն չեն համարվում այնպիսի արտահայտությունների հրապարակային ներկայացնելը, որոնք․

  • ներկայացվել են վարույթի մասնակցի կողմից մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում․
  • տվյալ րավիճակում և իրենց բովանդակությամբ պայմանավորված են գերակա հանրային շահով, երբ արտահայտությունը կատարող անձը ձեռնարկել է միջոցներ պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները։ Հիշատակված երեք հանգամանքների միաժամանակյա առկայության պարագայում առկա չէ զրպարտություն։
  • բխում են զրպարտության ենթարկված անձի կամ ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանից ելնող փաստաթղթից։

Հոդվածի 6-րդ մասում սահմանվել է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատման ևս մեկ հիմք․ անձը ազատվում է պատասխանատվությունից այն դեպքերում, երբ բառացի կամ բարեխիղճ կերպով է վերարտադրել տեղեկատվությունը, լրատվական գործակալության կամ այլ անձի կողմից հրապարակային ելույթի, փաստաթղթի, ստեղծագործության մեջ զետեղված տեղեկատվությունը։

Զրպարտության վերաբերյալ գործերով ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոններ են սահմանված, որոնք կարող են հակասության մեջ մտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման բեռի բաշխման դատավարական կանոններին, սակայն գործնականում դատարանները կիրառում են Հոդվածում ամրագրված առանձնահատկությունները և ապացուցման բեռը բաշխում են Հոդվածում սահմանված կանոններին համապատասխան։

Վիրավորանքի դեպքում դատարան ներկայացվող պահանջները սահմանվծ են Հոդվածի 7-րդ մասում։ Հայցվորը կարող է ներկայացնել նշված պահանջներից մեկը կամ մի քանիսը միաժամանակ՝

  • պատասխանողի կողմից հրապարակային ներողություն խնդրել։ Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը․
  • եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
  • մինչև 1 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարել։ Հատուցման գումարային չափը որոշում է դատարանը։

Զրպարտության դեպքում հայցվորի կողմից դատարան ներկայացվող պահանջները սահմանված են Հոդվածի 8-րդ մասում։ Հայցվորը կարող է ներկայացնել հետևյալ երկու տեսակի պահանջներից մեկը կմ մի քանիսը միաժամանակ ․

  • եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով․
  • մինչև 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարել։

Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը (Հոդվածի 9-րդ մաս): Այս կետը կարևոր նշանակություն ունի այն դեպքերի համար, երբ արատավորող տեղեկատվությունը տարածվում է զանգվածային լրատվության միջոցով։ Այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել, թե արդյո՞ք զանգվածային լրատվության միջոցը հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին կամ հեղինակին, թե՝ ոչ։ Այն դեպքերում, երբ առկա է այդպիսի հղում և տեղեկատվության աղբյուրը հեշտությամբ նույնականացվում է, ապա հայցադիմումը կարող է ներկայացվել ընդդեմ տեղեկատվության աղբյուրի կամ հեղինակի, իսկ որպես երրորդ անձ կարող է ներգրավվել տվյալ լրատվության միջոցը։

Այսպիսով, հայցվորը իր հայցի առարկայի մեջ կարող է ներառել հետևյալը․

  • ոչ նյութական պահանջներ՝

- ներողություն խնդրելու և/կամ

- հերքում հրապարակելու պահանջ և/կամ,

- կրած ոչ նյութական վնասի դիմաց` համարժեք նյութական (փողի ձևով) փոխհատուցման պահանջ և/կամ,

  • նյութական պահանջներ՝

- զրպարտության և/կամ վիրավորանքի հետևանքով կրած գույքային վնասի հատուցման պահանջ (փողի ձևով)։

Այս պահանջները պետք է տարանջատված լինեն, որպեսզի դյուրին լինի դրանց ապացուցման պարտականությունը կատարելը, թե´ հայցվորի, թե´ պատասխանողի համար:

Անձը չի կարող օգտվել հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը (Հոդվածի 10-րդ մաս):

Վիրավորանքի և զրպարտության դեպքերում օրենքով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանների համար առկա են չափանիշներ, մասնավորապես՝ Դատարանները պետք է ուշադրություն դարձնեն վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը (Հոդվածի 11-րդ մաս): Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:

Անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու նաև վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը։ Գույքային վնասները չպետք է շփոթել փոխհատուցման չափի հետ, քանի որ այն համարվում է գույքային փոխհատուցման միջոց, իսկ գույքային վնասները պետք է քննվեն ընդհանուր վնասի իրավահարաբերության համապատասխան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով սահմանված կարգով։

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է իրավունքների դատական պաշտպանության ևս մեկ միջոց․ Եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով (ՀՀ քաղ․օր 19-րդ հոդվածի 3-րդ մաս):

Տվյալ դեպքում առկա է իրավական խնդիր, քանի որ թեև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է դատարան դիմելու իրավունք, սակայն տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջը Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ հայցային վարույթով քննվող գործերի շրջանակում ներառված չէ (երբ հնարավոր է դատարան դիմել առանց  որևէ անձի պատասխանող ներգրավելու), իսկ  հայցային վարույթով նման պահանջ ներկայացնելն անհնար է պատասխանող ներգրավելու պարտադիր պայմանի առյակությամբ պայմանավորված։

Դատարան դիմելու և դատական ակտերի բողոքարկման կարգը

Հաշվի առնելով, որ վիրավորանքի և զրպարտության գործերը քաղաքացիական հարաբերություններ են, քննվում են ընդհանուր իրավասության դատարանում։

Հայցադիմում կազմելիս պետք է պահպանել դրան ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն հայցադիմումում պետք է նշվեն դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը, հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը, պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն, գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն, այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, գույքային փոխհատուցման դեպքում` պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը,  պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը։

Հայցադիմումում կարող են նշվել նաև վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը, այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված, հայցվորի միջնորդությունները, այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:

Հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հայցադիմում պետք է կցվեն՝ հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ եթե ներկայացվում է հայցի ապահովում կիրառելու միջնորդության։ Հայցի ապահովում կիրառելու միջնորդության դեպքում կցվում է հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերը։

Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումն ուղարկելը հավաստող ապացույցներ:

Դատարանը իրավասու է հայցադիմումի ձևին և բովանդակությանը չհամապատասխանող հայցադիմումը վերադարձնել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով։ Հայցվորը իրավասու է եռօրյա ժամկետում ուղղել սխալները և կրկին անգամ հայցադիմումը ներկայացնել դատարան։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում բացասական դատական ակտ կայացնելու դեպքում, անձը կարող է մեկամսյա ժամկետում այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ դատարանի անվանումը, բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները, այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Վերաքննիչ դատարանի կողմից բացասական դատական ակտ կայացնելու դեպքում անձը կարող է դատական ակտը մեկամսյա ժամկետում բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքում նշվում են՝ Վճռաբեկ դատարանի անվանումը, բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) ու հասցեները, այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում են բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման ամսաթիվը, վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա, վճռաբեկ բողոքի հիմնավորումները՝ վճռաբեկ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։

Իրավունքների արտադատական պաշտպանության միջոցները և եղանակները

Վիրավորանքի և զրպարտության գործերով իրավունքների պաշտպանության եղանակներից է արտադատական պաշտպանության միջոցները։   Այդպիսիք են «Զանգվածային լրատվության մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված իրավական գործիքակազմերը։

Այս գործիքակազմից օգտվելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պարզել տեղեկատվությունը հրապարակող լրատվության միջոցի (ընկերության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց անվանում, ՀՎՀՀ, տնօրենի տվյալներ, գրանցման տվյալներ), որոնք կարելի է ստանալ www.e-register.am էլեկտրոնային կայքից։

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է հերքման և պատասխանի իրավունքները, որտեղ նախատեսված է, որ անձինք իրավունք ունեն լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իրենց իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:

Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջ ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:

Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով: Հերքումն իրականացվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

 Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակմամբ:

Պատասխանը չպետք է հակասի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ: Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը: Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը: Պատասխանը հրապարակվում է անվճար:

Հերքման և (կամ) պատասխանի հրապարակման պահանջը պետք է մերժվի, եթե տվյալ պահանջը անանուն է կամ հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտին, կամ չի համապատասխանում  «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես, երբ հերքման և (կամ) պատասխանի հրապարակման պահանջը պարունակում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկատվություն, և այլն։

Հերքման և (կամ) պատասխանի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե չի պահպանվել նախատեսված ժամկետը կամ պահանջը վերաբերում է այնպիսի տեղեկատվությանը, որը տարածվել է հրապարակային ելույթին, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերին, լրատվության այլ միջոցին կամ հեղինակային որևէ ստեղծագործությանը կատարված հղումով, և սկզբնաղբյուրը հերքում չի տարածել:

Հերքման պահանջի հետ ներկայացվող պատասխանի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե այդ պատասխանը չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջներին:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:

Լրատվական գործունեության իրականացնողի պատասխանատվությունը սահմանվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, որի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն: Բացառությամբ հեռուստահեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների, որոնց պատասխանատվությունը սահմանվում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով,  մնացած դեպքերում պատասխանատվության հատուկ միջոցներ սահմանված չեն։ Ուստի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը կրում է զուտ դեկլարատիվ բնույթ։

Այսպիսով՝ Հայաստանում լրատվության միջոցների պատասխանատվության գործուն մեխանիզմներ (բացառությամբ տեսալսողական մեդիայի) առկա չեն։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն արգելվում են այն տեսալսողական հաղորդումները, որոնք հետապնդում են կրոնական և այլ հատկանիշներով խտրականություն քարոզելու նպատակ կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն, ինչպես նաև այն հաղորդումները, որոնք տարածում են օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր, ինչպիսիք են օրինակ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարման կոչերը (Հոդված 9․7,1)։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենք, հոդված 9, մաս 7

Արգելվում են այն տեսալսողական հաղորդումները, որոնք հետապնդում են ազգային, ռասայական, սեռային և կրոնական հատկանիշներով խտրականություն քարոզելու նպատակ կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենք, հոդված 9, մաս 1

  1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեսալսողական հաղորդում է համարվում տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ պարունակող սահմանափակ տևողությամբ նյութը, որը կազմակերպական իմաստով ինքնուրույն և ավարտուն է և համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ։

Վերոգրյալից պարզ է դառնում, որ տեսալսողական հաղորդումն այն հաղորդումն է, որը պաշտպանված է հեղինակային իրավունքներով և պատկերներով, հնչյուններով տարածվում է հեռուստահեռարձակմամբ (վիդեոտեսանյութ)։

Երբ արտահայտությունը կամ արարքը պարունակում է նաև քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմ, այդ հարաբերությունների նկատմամբ տարածվում են քրեադատավարական կանոնները և անձը պետք է դիմի իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդմամբ։ Եթե արտահայտության մեջ միևնույն ժամանակ առկա են այնպիսի տվյալներ, որոնք արատավորող են, անձն իրավունք ունի միաժամանակ օգտվել արտադատական կամ դատական պաշտպանության միջոցներից։

Այն դեպքերում, երբ տեսալսողական մեդիան օգտվում է որևէ այլ սոցիալական ցանցերում կամ համացանցային հարթակներում (օրինակ՝ «www.facebook.com» «www.youtube.com» և այլն) տեղադրված կամ առկա  կրոնական հատկանիշով խտրականություն քարոզելու նպատակ հետապնդող կամ ատելության խոսք պարունակող նյութերից, ապա կրում է պատասխանատվություն ընդհանուր կարգով։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է դրա մասին տեղեկացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին վարչական վարույթի հարուցման և փաստի քննության համար, ինչը անձին չի զրկում իր իրավունքների արտադատական և/կամ դատական պաշտպանության իրավունքից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով ստանձնել է պարտավորություն ապահովելու խտրականությունից զերծ լինելու իրավունքը, ապա ՀՀ  Կառավարության կողմից փակ բաժնետիրական ընկերության ձևով հիմնադրվող և Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող Հանրային Հեռարձակողը, ի տարբերություն մասնավոր հեռարձակողի, պարտավոր է իր գործունեության մեջ ոչ միայն ձեռնպահ մնալ անձանց իրավունքների խախտումներից, այլև՝ սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են կրոնական և այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենք, Հոդված 22, 6-րդ մաս, 3-րդ կետի գ/ պարբերություն

Հանրային հեռարձակողները պարտավոր են` սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական և սեռային հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը։

Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջները խախտելու համար «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ գլխում սահմանվել է պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը,  և անձինք, ովքեր գտնում են, որ կոնկրետ տեսալսողական հաղորդման տարածմամբ, կրոնական հատկանիշով արատավորվել է իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, ապա կարող են դիմել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և պահանջել տեսալսողական մեդիային ենթարկել պատասխանատվության։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին գրավոր տեղեկացվելու դեպքում վերջինս կիրառում է հետևյալ վարչական տույժերը՝ գրավոր նախազգուշացում, տուգանք, հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում, ինչպես նաև հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

Ընդ որում՝ օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում վարչական իրավախախտման կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ՝ փաստերին իրավական գնահատական տալու համար:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ դիմելը

Զանգվածային լրատվության միջոցներում վիրավորանքի և զրպարտության դեպքերում մասնագիտական կարծիք ստանալու համար անձինք կարող են դիմել տեղեկատվական վեճերի խորհուրդ։ Խորհուրդը հիմնադրվել է 2011 թվականի մայիսի 1-ին և վերջինիս նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը: Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի կապակցությամբ խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններով հանդես գալը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին համապատասխան հարցերի շուրջ անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովելը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդի մասին տեղեկատվություն կարելի է գտնել  www.idcarmenia.am կայքում։

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը

Վիրավորանքի և զրպարտության գործերով անձանց կողմից իրավունքների պաշտպանության արտադատական միջոց է հանդիսանում նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմել։ Սակայն Մարդու իրավունքների պաշտպանին հնարավոր է դիմել միայն այն դեպքում, երբ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն արած անձը հանդիսանում է պետական և տեղական ինքնակառավարման մարմին ու պաշտոնատար անձ, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն (Հոդված 15․1)։

Անհաժեշտ է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը, որպես իրավունքների արտադատական պաշտպանության միջոց, հանդիսանում է արտադատական կամ դատական պաշտպանության այլ միջոցների հետ փոխլրացնող միջոց։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը պետք է ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին: Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր ձևով: Ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում: Այն պետք է լինի ստորագրված` ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ:

Բողոքի համար որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում: Սակայն ավելի հարմարավետ և արագ է ստացվում Պաշտպանին առցանց դիմելը, որը իրականացվում է https://www.ombuds.am/am/site/ApplyTeamAddress հղումով։

Բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում Պաշտպանն իրականացնում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բողոքը քննարկման ընդունելու մասին.

2) բողոքը չքննարկելու մասին.

3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.

4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին: