Կրոնական կազմակերպությունների հարկային և մաքսային առանձնահատկությունները

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունները հանդիսանում են տարբեր իրավահարաբերությունների լիարժեք սուբյեկտեր և այդ առումով բացառություն չեն հարկային և մաքսային հարաբերությունները։

Ընդհանուր առմամբ կրոնական կազմակերպությունների վրա տարածվում են հարկային և մաքսային ընդհանուր  կարգավորումները, սակայն որոշ դեպքերում պետությունը օրենսդրական մակարդակում սահմանել է հարկային և մաքսային առանձնահատկություններ, որոնց նպատակը այդ կազմակերպությունների գործունեությանը որոշակի պետական աջակցություն ցուցաբերելն է։

Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի կրոնական կազմակերպությունների հարկային և մաքսային իրավահարաբերություններին, ընթացակարգերին, կարգավորման առարկաններին, կնշվի այն արտոնությունները, որոնք ունեն կազմակերպությունները, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կազմակերպությունների վերահսկողությանը և իրավունքների պաշտպանության միջոցներին։

Կրոնական կազմակերպությունները հարկային իրավահարաբերություններում

Կրոնական կազմակերպությունները ՀՀ-ում հանդիսանում են հարկ վճարողներ, որոնք, ինչպես բոլոր հարկ վճարողները, պարտավոր են ՀՀ Հարկային օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում, կարգով և չափով ինքնուրույն հաշվարկել և վճարել հարկեր ու վճարներ։

Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանվել է խտրականության բացառման կանոնը, որի համաձայն հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից։

Վերոգրյալ իրավական նորմից պարզ է դառնում, որ հարկային հարաբերություններում մասնավորեցված է խտրականության արգելքը, որի արդյունքում երաշխավորվում է, որ այս հարաբերություններում արգելվում է խտրականությունը կախված նաև կրոնական հատկանիշից։

Հարկ է նշել, որ կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:

Կախված իրենց գործունեությունից՝ կրոնական կազմակերպությունների համար կարող են առաջանալ հարկային պարտավորությունները հետևյալ հարկատեսակներով կամ վճարներով՝

  • պետական հարկերից ավելացված արժեքի հարկ (այսուհետ նաև՝ ԱԱՀ), շահութահարկ, եկամտային հարկ, բնապահպանական հարկ,
  • տեղական հարկերից՝ անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ,
  • պետական վճարներից՝ պետական տուրք, սոցիալական վճար,
  • տեղական վճարներից՝ տեղական տուրք և տեղական վճար:

Ավելացված արժեքի հարկ

ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված են այն գործարքներն ու գործառությունները, որոնց դեպքում կրոնական կազակերպությունները ազատվում են ԱԱՀ վճարելու պարտավորությունից։ Դրանք են՝

  • ապրանքների անհատույց մատակարարումը․
  • աշխատանքների անհատույց կատարումը․
  • ծառայությունների անհատույց մատուցումը․
  • կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը.
  • կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը.
  • կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը.
  • կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը:

Վերոգրյալում չթվարկված դեպքերում՝ ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված գործարքներ (գործառնություններ) կատարելու դեպքում կրոնական կազմակերպության համար ծագում է ԱԱՀ վճարելու պարտավորություն։

Շահութահարկ, բնապահպանական հարկ

Կրոնական կազմակերպությունները կարող են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հանդիսանալ

  • շահութահարկ վճարողներ, օրինակ՝ կրոնական կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի, գույքը վարձակալության հանձնելու և այլ դեպքերում։
  • բնապահպանական հարկ վճարողներ, օրինակ՝ երբ շահագործում են բնական գազով աշխատող կաթսայատուն կամ ունեն սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոց և այլն։

Ընդ որում կրոնական կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները եկամուտ չեն համարվում և շահութահարկով հարկման ենթակա չեն։

Եկամտային հարկ

Կրոնական կազմակերպությունները պարտավոր են, որպես հարկային գործակալներ, իրենց կողմից ֆիզիկական անձանց վարձատրություն կամ եկամուտ հանձնելու դեպքում ֆիզիկական անձի փոխարեն հաշվարկել, պահել և վճարել եկամտային հարկը։ Այդպիսի դեպքերն են՝ վարձու աշխատողին աշխատավարձ վճարելը, անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերման կամ վարձակալության, ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանց եկամուտ վճարելը և այլն։

Կարևոր է նաև նշել, որ կրոնական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց հանձնված ակտիվները, աշխատանքները և ծառայությունները չեն հարկվում եկամտային հարկով։

Հարկ է նշել, որ կրոնական կազմակերպությունների շրջանում, ելնելով դրանց բնույթից, լայնորեն կիրառվում է ֆիզիկական անձանց կողմից կամավորության սկզբունքով կամավորական գործունեության և աշխատանքների  կատարումը՝ որպես հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր  իրականացվող աշխատանք։  Սակայն Հայաստանում դեռևս կարգավորված չէ կրոնական կազմակերպությունների կողմից կամավորական գործունեությանև աշխատանքի կիրառման հարաբերությունները, սակայն չկա նաև այն կիրառելու որևէ օրենսդրական արգելք։

Սոցիալական վճար

Կրոնական կազմակերպությունները կուտակային կենսաթոշակի կամ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում, որպես հարկային գործակալ, պարտավոր են ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված չափով, ժամկետներում և կարգով հաշվարկել և վճարել նաև սոցիալական վճար։

Դրոշմանիշային վճար

Կրոնական կազմակերպությունները, որպես հարկային գործակալ, պարտավոր են յուրաքանչյուր վարձու աշխատողի համար վճարել դրոշմանիշային վճար «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, ժամկետներում և կարգով։

Անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ

Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում համայնքների բյուջեներ վճարել տեղական հարկեր՝

  • անշարժ գույքի հարկ՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի և (կամ) դրանց բարելավումների (հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքեր, շինություններ կամ կառույցների) համար,
  • փոխադրամիջոցների գույքահարկ՝ սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների համար /ավտոմոբիլային տրանսպորտի միջոց,, ջրային փոխադրամիջոց (շարժիչով աշխատող),  մոտոցիկլետ, ձյունագնաց, մոտոամենագնաց (քվադրոցիկլ)։

Բացառություն է կազմում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որն օգտվում է անշարժ գույքի հարկի արտոնությունից։

Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին  ազատվում է անշարժ գույքի հարկից

  • իրեն սեփականության իրավունքով պատկանող և ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցանկով սահմանված հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շինությունների մասով,
  • իրեն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շինությունների մասով,
  • իրեն պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, իր ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի մասով:

Հսկիչ դրամարկղային մեքենանների կիրառության առանձնահատկությունները

Հայաստանում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում կիրառվում է հսկիչ դրամարկղային մեքենաներ։

Նշենք, որ կրոնական կազմակերպությունների համար սույն ոլորտում սահմանված են որոշակի արտոնություններ․ մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և (կամ) կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման համար կրոնական կազմակերպությունների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ։

Կրոնական կազմակերպությունները մաքսային իրավահարաբերություններում

 Հայաստանում մաքսային իրավահարաբերությունները կարգավորվում են 11․04․2017թ․-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք» միջազգային պայմանագրով, 17․12․2014թ․ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով։

Կրոնական կազմակերպությունների վրա հիմնականում տարածվում են մաքսային իրավարաբերությունների ընդհանուր կարգավորումները, սակայն, որպես արտոնություն, ՀՀ Հարկային օրենսգրքի ԱԱՀ-ի կարգավորումներով կրոնական կազմակերպությունների համար նախատեսված է ԱԱՀ-ից ազատվելու հնարավորություն։ Մասնավորապես՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն կրոնական կազմակերպությունները մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում իրենց կողմից ապրանքների ներմուծման դեպքում ազատվում են ԱԱՀ-ից։

Անհրաժեշտ է նշել նաև, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծման դեպքում վերջիններս նույնպես ազատվում են ԱԱՀ-ից։

Կրոնական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում արտոնություններից օգտվելու կարգը

Հայաստանի Հանրապետության կրոնական կազմակերպությունները կարող են իրենց կողմից իրականացվող մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում օգտվել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

Անհրաժեշտ է նշել, որ ներկայումս հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից սահմանված է միայն ԱԱՀ-ից ազատվելու հնարավորությունը:

Այդ արտոնությունից օգտվելու կարգն ու պայմանները, ինչպես նաև լիազորված մարմնին դիմելու կարգը սահմանված են ՀՀ կառավարությունը 13․01․2003թ․-ի թիվ 66-Ն «Բարեգործական ծրագրերի մասին» որոշմամբ և 08․10․2002թ․-ին ընդունված «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով։

Այսպես, հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու համար՝ կրոնական կազմակերպությունը պետք է հաստատի իր կողմից իրականացվող բարեգործական ծրագիրը և ծրագրի իրականացումը նախաձեռնելուց առնվազն 30 օր առաջ դիմի ՀՀ կառավարության լիազոր մարմնին՝ ծրագիրը բարեգործական որակելու և ծրագրի շրջանակներում հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու համար, եթե նշված արտոնությունները կամ վերը նշված որակումն ուղղակիորեն չեն բխում օրենսդրությունից կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից։

Բարեգործական որակման ներկայացվող ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերն ու ժամկետները: Ծրագիրը կարող է ներառել այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրն իրականացնողների կողմից:

Հարակից գործարքների շրջանակը որոշելու համար հայտում պետք է նկարագրվեն ծրագրի շրջանակներում նախատեսվող գործարքները, որոնցով ծրագիրն իրականացնողները նախատեսում են հարկային արտոնությունների, դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը ծրագրի իրականացման համար և դրանցից յուրաքանչյուրի առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները և արժեքը:

Ծրագիրը որպես բարեգործական որակելը և ծրագրի գրանցելը մերժելու մասին լիազորված մարմնի որոշումը բարեգործական ծրագիր ներկայացնողը կարող է բողոքարկել դատական կարգով:

Անհրաժեշտ է նշել նաև, որ ծրագիրը բարեգործական որակվելուց հետո կրոնական կազմակերպությունը պարտավոր է ՀՀ կառավարության 13․01․2003թ․-ի թիվ 66-Ն «Բարեգործական ծրագրերի մասին» որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում  լիազորված մարմին ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։

Իրավունքների պաշտպանության միջոցները

Կրոնական կազմակերպությունների կողմից հարկային և մաքսային իրավահարաբերություններում իրավունքների պաշտպանությունը իրականացվում է վարչական վարույթի ընթացքում, վերադաս բողոքի ընթացքում, ինչպես նաև դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարանում։

Իրավունքների պաշտպանության ընթացքում կիրառելի իրավական ակտ է հանդիսանում «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը։ Մասնավորապես օրենքի 69-րդ հոդվածում սահմանված է, որ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը:

Իրավունքների պաշտպանության արտադատական միջոցները

Վարչական կարգով բողոքարկման կարգը սահմանված է օրենքի 70-րդ հոդվածով, որի համաձայն ակտը կարող է բողոքարկվել

  • վարչական կարգով՝ ակտն ընդունած վարչական մարմին կամ ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին,

կամ

  • դատական կարգով:

Ընդ որում, եթե՝

  • ակտը բողոքարկվել է ակտն ընդունած վարչական մարմին և (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում: Այդ դեպքում բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնում բողոքի առնչությամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման,
  • բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:

Այսպիսով, պետք է փաստել, որ եթե հարկային և մաքսային իրավահարաբերություններում ծագել է վեճ, ապա առաջին հերթին այդ բողոքը անհրաժեշտ է ներկայացնել տվյալ վարչական մարմնին, սովորաբար այդպիսի անձ է հանդիսանում հարկային բաժնի պետը կամ մաքսատան պետը կամ վերջիններիս տեղակալները։ Այն դեպքում, երբ տվյալ վարչական մարմնին բողոք ներկայացնելը հաջողության չի ունենում, ապա պետք է դիմել վերադաս վարչական մարմին վերադաս բողոք ներկայացնելով։ Վերադաս վարչական մարմին է հանդիսանում այն մարմինը, ով փաստացի ղեկավարում է տվյալ վարչական մարմինը, սույն դեպքում և՛ մաքսային և՛ հարկային իրավահարաբերություններում վերադաս վարչական մարմին է հանդիսանում Պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողովը։ Ցանկացած վերադաս բողոքի դեպքում, անկախ հասցեատիրոջ անվանումից, բողոքը վերահասցեագրվում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին։

Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները հարկային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

Այն դեպքում, երբ կազմակերպությունը բաց է թողնել բողոքարկման ժամկետը իրենից անկախ հանգամանքներում,  վերջինս պարտավոր է հավաքագրել իրենից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելու վերաբերյալ ապացույցներ և ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո 15 օրյա ժամկետում բողոքին կից ներկայացնել միջնորդություն՝ խնդրելով վերականգնել բաց թողնված ժամկետը և ըստ էության քննել բողոքը։ Միջնորդությունը ստանալուց հետո վարչական մարմինը պարտավոր է քննել այն և եթե առկա է փաստեր այն մասին, որ բողոքի ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով, ապա այն պետք է վերականգնվի և բողոքը քննվի։

Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը սպառվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:

Վարչական բողոք ներկայացնելիս պետք է պահպանել օրենքի 72-րդ հոդվածում սահմանված պահանջները, մասնավորապես բողոքը պետք է պարունակի՝

ա) այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը,

բ) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը,

գ) բողոքարկման առարկան,

դ) բողոք բերողի պահանջը,

ե) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

զ) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը,

է) բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող հարկային և մաքսային մարմնի կողմից կայացված վարչական ակտը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։

Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտը, ինչպես նաև հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով՝ օրենսգրքով սահմանված կարգով կամ դատարան:

Պետք է հաշվի առնել, որ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները (կամ անգործությունը) հարկ վճարողի կողմից բողոքարկման հանձնաժողովին բողոքարկումը չի կասեցնում տույժերի հաշվարկումը։ Սակայն բողոքարկման հանձնաժողով կամ Դատարան ներկայացված դիմում-բողոքը կամ հայցը բավարարվելու դեպքում հարկային մարմնի կողմից իրականացվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում կատարված գրանցումների փոփոխություն (այդ թվում հաշվարկված տույժերի փոփոխություն)։

Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում հարկ վճարողի կողմից գրավոր կարգով և հայերեն լեզվով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`

1) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

2) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.

3) բողոքարկման առարկան.

4) բողոք բերողի պահանջը.

5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) կազմակերպության անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

Հարկային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

 Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված՝ դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար։

Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և կազմված արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են հարկային մարմնում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում՝ հարկային մարմնի սահմանած կարգով:

Բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․

  • դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին,
  • դիմում-բողոքը բավարարելու մասին,
  • դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին,
  • դիմում-բողոքը մերժելու մասին,
  • վերստուգում անցկացնելու մասին:

Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Իրավունքների պաշտպանության դատական միջոցները

Վերադաս բողոքի արդյունքում ամբողջական կամ մասնակի բացասական վարչական ակտ ստանալու դեպքում կրոնական կազմակերպությունն իրավունք ունի դեմել Վարչական դատարան, որը իրականացվում է դատարան հայց ներկայացնելով։ Ընդ որում, կրոնական կազմակերպությունը պարտավոր չէ սպառել իրավունքների պաշտպանության արտադատական միջոցները և իրավասու է հարկային և մաքսային մարմինների կողմից իր իրավունքների խախտման դեպքում անմիջապես դիմել դատարան։

Վարչական դատավարությունում հիմնական պահանջների տեսակները չորսն են՝ վիճարկման հայցը, պարտավորեցման հայցը, գործողության կատարման հայցը և ճանաչման հայցը։

Ընդ որում, այդ պահանջները իրարից տարբերվող բովանդակություն ունեն, մասնավորապես՝

  • Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները),
  • պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը,
  • Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը,
  • Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Ճանաչման հայցով Հայցվորը կարող է նաև պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը և ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

 2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Վարչական դատավարությունը 70-րդ հոդվածով սահմանված կարգով թույլատրում է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են։ Հայցվորը  կարող է նաև վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։

Պետք է արձանագրել, որ հայց ներկայացնելու ժամկետները սահմանափակ են և Հայցվորները իրավունք ունեն հայց ներկայացնել  

  • վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.
  • պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից.
  • գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը․

  • ճանաչման հայցի դեպքում՝

ա. անկախ ժամկետից` վարչական ակտ առ ոչինչ լինելը ճանաչելու գործերով,

բ. 5 տարվա ընթացքում` վարչական ակտն ուժը կորցնելու, գործողության կամ անգործության սպառվելու պահից` օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով,

գ. 5 տարվա ընթացքում՝ իրավահարաբերության ծագման կամ դադարման պահից՝ օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործերով:

Հարկ է նշել նաև, որ կրոնական կազմակերպությունը, որպես հայցվոր, պարտավոր է պահպանել հայցադիմումի ձևին և բովանդակությանը վերաբերվող հետևյալ կանոնները, մասնավորապես պարտավոր է հայցադիմումում նշել․

  1. որ հայցը ներկայացվում է վարչական դատարան,
  2. կրոնական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ծանուցման հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը,
  3. պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը,
  4. հայցի էության հակիրճ նկարագրությունը,
  5. այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը,
  6. հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.
  7. հայցվորի պահանջը.
  8. տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ.
  9. գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին.
  10. հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։

Կրոնական կազմակերպության կողմից հայցադիմումում կարող է ներկայացվել միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին` նշելով բացթողնման պատճառները, եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո:

Հայցադիմումում կարող են ներառվել նաև այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունները։

Հայցադիմումն ստորագրում է կրոնական կազմակերպության ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը։

Ներկայացվող հայցադիմումին պետք է կցվի

1) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին.

2) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով,

3) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.

4) իր տիրապետման ներքո առկա գրավոր ապացույցները, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.

5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել.

6) հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:

Ընդ որում, եթե հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատասխանողին և երրորդ անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։

Վարչական դատավարությունում Դատարանները պարտավոր են դատական գործերը քննել ի պաշտոնե ("ex officio")։

Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո Դատարանը ձեռնամուխ է լինում դատավարական գործողությունների իրականացմանը, մասնավորապես՝ դատարանը պարզում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio"), դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Դատարանը դատաքննության նախապատրաստելու փուլում նաև մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։

Վարչական դատարանի կողմից բացասական դատական ակտ կայացվելու դեպքում Հայցվորը իրավունք ունի դիմել Վերաքննիչ վարչական դատարան դատական ակտը հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում։

Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը սահմանված է Վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն․

  1. վերաքննիչ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը,
  2. բողոք բերող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները),
  3. վարչական դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,
  4. նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա,
  5. վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն,
  6. բողոք բերող անձի պահանջը,
  7. բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը,
  8. բողոքի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ բողոք բերողի դիրքորոշումը, եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։

Բողոք բերող կրոնական կազմակերպությունը պետք է վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը ներկայացնի վերաքննիչ դատարան, ինչպես նաև պարտավոր է վերաքննիչ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենների մեկական օրինակ ուղարկել դատավարության մասնակիցներին, բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան։

Վերաքննիչ վարչական դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։ Այսինքն, Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ բողոքի հիմքերով և կարող է վարչական դատարանում քննված ցանկացած փաստի վերաբերյալ իրականացնել քննություն։

Վերաքննիչ վարչական դատարանի կողմից բացասական դատական ակտ կայացնելու դեպքում կրոնական կազմակերպությունը կարող է հրապարակման պահից մեկամսյա ժամկետում ներկայացնել վճռաբեկ բողոք՝ Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ բողոքում պետք է նշվի․

  • վճռաբեկ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը,
  • կրոնական կազմակերպության անվանումը, դատավարական կարգավիճակը,
  • դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,  դատավարության մասնակիցների անունները (անվանումները), վեճի առարկան,
  • բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները,
  • վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումներն առ այն, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար կամ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում,
  • բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։

Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար կամ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Պետական տուրքի արտոնությունները

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է Դատարան դիմելու պետական տուրքի արտոնությունները։ Հիշյալ հոդվածի 1-ին մասի թ) ենթակետի համաձայն՝ ոչ առևտրային կազմակերպությունները ազատվում են պետական տուրքի վճարումից, այդ թվում՝ դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, եթե առկա է հետևյալ դեպքերը․

  • գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.
  • երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ բողոքներով.
  • դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.
  • դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով.
  • տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ բողոքներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով.
  • վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների.
  • մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս։

Վերը չթվարկված դեպքերում կրոնական կազմակերպությունը առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետում սահմանված չափով պետական տուրք։