Կրոնի ազատությունը զինվորական ծառայությունում

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կրում է պարտադիր բնույթ։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է բանակում ծառայելուց ազատելու կամ զինծառայության այլընտրանքային տարբերակներ առաջարկելու պարտավորություն:

            Միջազգային չափորոշիչների համաձայն՝ զինված ուժերի ներկայացուցիչները դիտվում են որպես «համազգեստ կրող քաղաքացիներ», այսինքն՝ ծառայություն իրականացնող զինծառայողները պահպանում են քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ զինվորական ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ։

            Միջազգային փաստաթղթերի համաձայն՝ զինված ուժերի անդամի հիմնարար իրավունքների ու ազատությունների թվին է դասվում մտքի, խղճի և դավանանքի ազատությունը։ 

            Զինվորական ծառայությունը սահմանադրական պարտականություն է, իսկ կրոնի ազատությունը սահմանադրական իրավունք։ Սահմանադրական իրավունքն ու պարտականությունը պետք է զուգակցվեն այնպես, որպեսզի դրանցից որևէ մեկը չխախտվի։

            Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել զինված ուժերում ծառայող անձնակազմի պատշաճ հավաքագրումը, զինված ուժերի անձնակազմի իրավունքների ու պարտականությունների օրենսդրական ամրագրումը։

            Զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով՝ զինված ուժերի ծառայողի որոշ իրավունքներ օրենքով սահմանափակված են։ Նման սահմանափակումները նպատակ են հետապնդում ապահովել զինվորական ծառայության բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով զինվորական կարգապահությունը, աստիճանակարգությունը, հրամաններին ենթարկվելու անհրաժեշտությունը։

Կրոնի ազատությունը և զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումները

Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները հիմնականում կարգավորվում են 16.12.2017թ․-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով։

Զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության տեսակ է, իսկ այդ պետական ծառայություն իրականացնող անձը համարվում է զինծառայող (Հոդված 3):

Զինվորական ծառայության հիմնական տեսակը ժամկետային զինվորական ծառայությունն է։ Ժամկետային զինծառայությունն իր հերթին բաղկացած է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայությունից։ Պարտադիր զինվորական ծառայությունը ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է (Հոդված 5) (Հոդված 14)։

Զինվորական ծառայության կարևոր սկզբունքներից է համարվում զինծառայողների իրավունքների և ազատությունների առաջնահերթությունը և զինծառայողների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու խտրականության արգելումը (Հոդված 4)։

Զինված ուժերի ծառայողի հիմնարար իրավունքների ու ազատությունների թվին է դասվում մտքի, խղճի և դավանանքի ազատությունը։  Սակայն զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով՝ զինված ուժերի ծառայողի որոշ իրավունքներ օրենքով սահմանափակված են։

Այդպիսի սահմանափակումներ են կրոնական միավորումներ ստեղծելը, իսկ կրոնական միավորման անդամ հանդիսանալու դեպքում՝ զինվորական ծառայության ընթացքում և ծառայակիցների շրջանում քարոզչական գործունեություն իրականացնելը, պաշտոնեական դիրքն օգտագործելն ի շահ կրոնական կազմակերպությունների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության (Հոդված 8)։

Այս սահմանափակումներն ուղղված չեն կրոնական ազատության դեմ և բացակայում է խտրական մոտեցումը։ Մասնավորապես՝ նմանատիպ սահմանափակումներ են կիրառված նաև անձի այլ իրավունքների հանդեպ, որոնք ամբողջության մեջ դիտարկելուց ակնհայտ է դառնում, որ սահմանափակումների նպատակը զինվորական կարգապահության պահպանումն ու զինվորական ծառայության բնականոն ընթացքի ապահովումն է։ 

Զինվորական ծառայության մեջ գտնվելիս կրոնական միավորում ստեղծելը, կամ պաշտոնեական դիրքն ի շահ կրոնական կազմակերպությունների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչություն իրականացնելն անհամատեղելի է զինվորական ծառայության բնույթի հետ, սակայն խնդրահարույց է քարոզչական գործունեություն իրականացնելու արգելքը, քանի որ այն շատ վերացական է։ Օրենքով սահմանված չէ, թե որն է համարվում քարոզչություն, և նման իրավական անորոշությունը կարող է հանգեցնել կամայականության։  

Միևնույն ժամանակ կրոնի հանդեպ զինծառայողի վերաբերմունքը հասկանալու և անհատական մոտեցում ցուցաբերելու մասով հրամանատարական կազմը կրում է պարտավորություն, որը սահմանված է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 98-րդ, 136-րդ և 146-րդ հոդվածներով։

Մասնավորապես՝

  • Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է`

- կազմակերպել և անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել, հաշվի առնելով յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունները, կրթության մակարդակը և վերաբերմունքը կրոնի հանդեպ, նրանց մեջ ձևավորել հավատարմություն Հայրենիքի, զինվորական պարտքի և զինվորական երդման նկատմամբ, զինվոր-քաղաքացու մարտական և բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ։

  • Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է`

- ստորաբաժանման անձնակազմի հետ կազմակերպել և անցկացնել դաստիարակչական աշխատանք յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեկան հատկանիշների, կրթական մակարդակի, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հաշվառումով, նրանց մեջ դաստիարակել Հայրենիքի, զինվորական պարտքի և զինվորական երդման նկատմամբ հավատարմություն, զինվոր-քաղաքացու բարձր մարտական և բարոյահոգեբանական հատկանիշներ։

  • Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է`

- մասնակցելն պարապմունքների դասացուցակը կազմելուն, կազմակերպել և ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացնել դաստիարակչական աշխատանք` յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունների, կրթական մակարդակի և կրոնի նկատմամբ վերաբերմունքի հաշվառումով, զինծառայողների մեջ ձևավորել հավատարմություն հայրենիքին, զինվորական պարտքին և զինվորական երդմանը, մարտական և բարոյահոգեբանական վսեմ հատկանիշներ։

Կրոնական պիտույքների վերաբերյալ կարգավորումներ

Իրավական ակտերով սահմանված չեն կրոնական ազատության իրացման մի շարք իրավունքներ։ Մասնավորապես, սահմանված չէ, թե արդյո՞ք զինծառայողները կարող են իրենց մոտ ունենալ կրոնական գրականություն, պաշտամունքի առարկաներ, կրել խաչ և այլն։ Իրավական ակտերում սահմանափակումների բացակայությունը պետք է մեկնաբանվի որպես արգելքի բացակայություն և դիտարկվի կրոնական ազատության համատեքստում։

Զինվորական երդումից հրաժարվելու կարգավորումները

Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացու համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է զինվորական երդում տալու պարտականություն։

Զինվորական երդման տեքստը սահմանված է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ

Ե Ր Դ ՈՒ Մ Ը

 Ես` _____________________________________________________,

 ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Երդման տեքստը սահմանելիս հաշվի չի առնվել, որ երդվելը կարող է հակասել անձի կրոնական համոզմունքներին։ Անձի կրոնական համոզմունքներին կարող է չհակասել զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը, սակայն անձի համար կարող է անընդունելի լինել երդվելը։ Այս խնդիրն ունի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն և պետք է օրենքով սահմանվի տեքստի այլընտրանքային տարբերակ այն անձանց համար, ում կրոնական հայացքներին դեմ է երդվելը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորների զինվորական ծառայության կարգավորումները

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերում և այլ զորքերում կրոնական կազմակերպությունների ստեղծումը, ինչպես նաև զորամասերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների տարածքում կրոնական քարոզչությունն արգելվում են, իսկ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը կարգավորվում է օրենքով:

Դեռևս 06.07.1991թ․ ուժի մեջ մտած «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ զորամասերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու մենաշնորհային իրավունքը (Հոդված 17)։

Հայաստանի Հանրապետությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և զինված ուժերի համագործակցությունն իր փաստաթղթային առաջին ձևակերպումն ստացել է 1997թ․-ին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որում սահմանվել են բանակի հոգևոր սպասավորների գործունեության ոլորտը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայության իրավունքը զինված ուժերում վերահաստատվել է նաև 07.04.2007թ․ ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով (Հոդված 10)։

Ներկայումս Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայություն են իրականացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորները՝ կուսակրոն եւ ամուսնացյալ քահանաներ, սարկավագներ։

Տարկետման ժամկետն ավարտած և Մայր Աթոռ Սուբ Էջմիածնի հոգևոր սպասավորներ հանդիսացող զորակոչիկները սահմանված կարգով զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության և նշանակվում ՀՀ զինված ուժերում առկա գնդերեցների ու գնդերեցների օգնականների հաստիքների՝ ծառայողական պարտականությունների շրջանակներում իրականացնելով հոգևոր ծառայության գործառույթ։ Նրանք համարվում են ՀՀ զինված ուժերի զինծառայողներ և նրանց վրա տարածվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։

ՀՀ զինված ուժեր զորակոչված հոգևոր սպասավորների զինվորական ծառայությունը կանոնակարգվում է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով։

Միևնույն ժամանակ զինված ուժերի հրամանատարական կազմը պետք է զգուշությամբ վերաբերվի զինված ուժերում ծառայություն իրականացնող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորների և այլ կրոնական կազմակերպությունների անդամների հարաբերություններին։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնականում այլ կրոնական կազմակերպություններին դիտում է որպես «աղանդներ», ինչը կարող է տարատեսակ խնդիրներ առաջացնել այլ կրոնական կազմակերպության դավանորդ հանդիսացող զինծառայողների համար։ Մասնավորապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու  սպասավորները պետք է ձեռնպահ մնան այլ դավանանքի զինծառայողներին «դարձի բերելու», «ճիշտ ուղու վրա դնելու» գործողություններից և նրանց համոզմունքի վրա ազդելուց, ինչը արգելված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով։

Զինված ուժերի հրամանատարական կազմը պետք է աչալուրջ լինի նման դեպքերի նկատմամբ և օրենքի պահանջը պահպանելու համար թույլ չտա նման գործունեության իրականացումը որևէ զինծառայողի, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավոր հանդիսացող զինծառայողի կողմից։ Նման դեպքերը կարող են առաջացնել կարգապահական պատասխանատվություն (Հոդված 8, Հոդված 15)։

Կրոնական կազմակերպությունները և զինված ուժերը

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն իրենց կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով զորամասերում կատարել կրոնական միջոցառումներ։

Ուստի անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպության անդամ հանդիսացող զինծառայողը և կրոնական կազմակերպությունը դիմեն համապատասխան զորամասի հրամանատարին՝ զորամասի տարածքում վերջիններիս մասնակցությամբ կրոնական միջոցառում կատարելու թույլտվություն ստանալու համար։

Այլընտրանքային ծառայություն

Պետությունների կողմից այլընտրանքային ծառայություն ունենալու պարտավորությունը բխում է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի դաշնագրի 18-րդ հոդվածից, որը մեկնաբանելիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ մահաբեր զենքի կիրառումը կարող է լրջորեն հակասության մեջ մտնել կրոնի և խղճի ազատության իրավունքի հետ: Հիշյալ պարտավորությունն իր արտացոլումն է գտել ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է այլընտրանքային ծառայությունը, որը կարգավորվում է 17.12.2003թ․-ին ընդունված և 01.07.2004թ․-ին ուժի մեջ մտած «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով։

Այլընտրանքային ծառայությունը ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայություն է (Հոդված 2)։

Զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը որևէ կերպ չի կարող համարվել պարտադիր կամ հարկադիր աշխատանք (Հոդված 57)։

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը, կարող է անցնել այլընտրանքային զինվորական ծառայության, որն իրականացվում է զինված ուժերում, զինվորական ենթակայության և վերահսկողության ներքո, սակայն կապված չէ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու կամ օգտագործելու հետ (Հոդված 2, Հոդված 3

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը, կարող է անցնել այլընտրանքային աշխատանքային ծառայության, որն իրականացվում է զինված ուժերից դուրս՝ քաղաքացիական հիմնարկներում (Հոդված 2, Հոդված 3

Ալընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և որևէ կերպ չի կարող կրել  պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ (Հոդված 2):

Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս (Հոդված 5):

Օրենքով սահմանվել է, որ ծառայության որևէ տեսակ ընտրելու դեպքում քաղաքացին հետագայում չի կարող այն փոխարինել այլ տեսակով (Հոդված 3)։ Նման մոտեցումը մտահոգիչ է, քանի որ դրանով բացառվել է ծառայողի կողմից ծառայության ընթացքում կրոնական համոզմունքը փոխելու հիմնարար իրավունքից օգտվելու դեպքում դրա իրացման հնարավորությունը։

Դա նաև հակասում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)4 հանձնարարականի 43-րդ կետին, որի համաձայն՝ զինված ուժերի անդամների կողմից կրոնի հիմքով զինված ուժերը լքելու վերաբերյալ դիմումները պետք է քննվեն ողջամիտ ժամկետում: Մինչ իրենց դիմումների քննությունը, նրանք հնարավորության դեպքում պետք է տեղափոխվեն ոչ մարտական ծառայության։

Այլընտրանքային ծառայության անցնելու համար անձը մինչև հերթական զորակոչին նախորդող հունիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը պետք է պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ դիմում ներկայացնի այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառված է՝ նշելով նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը, պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հիմնավորումները։ Այդ հիմնավորումները պետք է արտացոլեն դիմողի՝ բանակում ծառայելու պարտականության ու իր խղճի կա՛մ խորը և իրական կրոնական, կա՛մ այլ համոզմունքների միջև լուրջ և ծանրակշիռ հակասությունը, ինչպես նաև համոզմունքի կամ հավատքի բավարար հիմնավորվածությունը, լրջությունը, հետևողականությունն և կարևորությունը։

Զինվորական կոմիսարիատը սահմանված ժամկետում դիմողի անձնական գործն ուղարկում է Հանրապետական հանձնաժողով, որը մշտապես գործող մարմին է՝ կազմված տարածքային կառավարման, արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից։

Հանրապետական հանձնաժողովը ներկայացված դիմումը քննարկում է առանձին նիստում, որի անցկացման ժամանակի և վայրի մասին նախապես տեղեկացվում է դիմումատուն, որն իրավունք ունի մասնակցելու Հանրապետական հանձնաժողովի նիստին: Հանրապետական հանձնաժողովի պահանջի դեպքում դիմումատուի մասնակցությունը հանձնաժողովի նիստին պարտադիր է:

Հանրապետական հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել կրոնագետներ, հոգեբաններ և այլ մասնագետներ, այլընտրանքային ծառայության վայրերի հիմնարկների, կրոնական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:

Հանրապետական հանձնաժողովը, դիմումի հիման վրա մեկ ամսվա ընթացքում կայացնում է եզրակացություն

  • դիմումը մերժելու մասին,
  • դիմողին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին,
  • դիմողին այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու մասին։

Դիմումը մերժելու եզրակացության մեջ նշվում են դիմումը մերժելու հիմքերը:

Դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին եզրակացության մեջ նշվում են այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում ՀՀ Կառավարության կողմից սահմանված ցանկով նշված՝ դիմումատուի կողմից կատարվող աշխատանքների տեսակը և բնույթը։

Դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է արդարադատության նախարարին՝ քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար, իսկ այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է պաշտպանության նախարարին՝ քաղաքացուն այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար:

Հանրապետական հանձնաժողովի եզրակացություններն (դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ) ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարը կամ արդարադատության նախարարը, հաշվի առնելով Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները, ընդունում են հրաման քաղաքացուն համապատասխան այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու մասին:

Ընդունված հրամանի և հանրապետական Հանձնաժողովի եզրակացությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են դիմումատուին և նրա զինվորական հաշվառման տարածքային զինվորական կոմիսարիատ, Հանրապետական հանձնաժողով, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

Դիմումը մերժելու մասին ՀՀ պաշտպանության կամ արդարադատության նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով, որի դեպքում դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս համապատասխանաբար ՀՀ պաշտպանության կամ արդարադատության նախարարությունը:

Դիմումի տիպային ձևեր

Զորամասում կրոնական միջոցառում անցկացնելու դիմումի տիպային ձև (զինծառայող)

Զորամասում կրոնական միջոցառում անցկացնելու դիմումի տիպային ձև (կրոնական կազմակերպություն)

Այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու դիմումի տիպային ձև

Այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու դիմումի տիպային ձև