Կրոնական կազմակերպության գրանցումը

Նախաբան

Կրոնական կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված իրավունքներ է ձեռք բերում պետական գրանցման պահից։

Կրոնական խումբը իրավունք ունի դիմելու պետական գրանցման՝ եթե բավարարում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներին, այսինքն՝

ա) չի հակասում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին՝ իր գործունեության ընթացքում քաղաքացու նկատմամբ չի կիրառում որևէ հարկադրանք կամ բռնություն` ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս, իր գործունեությամբ չի վտանգում հասարակական անվտանգությունը և կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները․

բ) հիմնվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա.

գ) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.

դ) զերծ է նյութապաշտությունից և ուղղված է դեպի հոգևոր ոլորտները.

ե) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պայմանները, բացառությամբ՝  «ա» կետում նշվածից, պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար` իրենց ազգային դավանանքով:

Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից:

Կրոնական կազմակերպության պետական գրանցման փուլերը

Կրոնական կազմակերպության պետական գրանցման համար անհրաժեշտ է․

  • հրավիրել հիմնադիր ժողով,
  • դիմել ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «բ»-«ե» ենթակետերով սահմանված պայմանների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար,
  • դիմել ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետական գրանցման համար։

Հիմնադիր Ժողովի գումարում

Հիմնադիր ժողովին (այսուհետ՝ Ժողով) պետք է մասնակցի առնվազն 200 չափահաս ՀՀ քաղաքացի։

Ժողովը գումարվում է կրոնական կազմակերպության հիմնադրման, կանոնադրության հաստատման և գործադիր մարմնի ղեկավար կամ ղեկավարի պաշտոնակատար ընտրելու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։

Ժողովի գումարումից և կանոնադրությունը հաստատելուց առաջ խորհուրդ է տրվում  www.e-register.am կայքի որոնման համակարգի միջոցով ստուգել արդյոք հիմնադրվող կազմակերպության անունը նույնական է սահմանված կարգով գրանցված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը կամ նույնական է կազմակերպության գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը (անվանման հապավմանը)։

Ժողովի գումարման արդյունքում կազմվում է արձանագրություն (Հոդված 17․6), որում նշվում է․

  1. արձանագրության կազմման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, վայրը, թերթերի քանակը,
  2. Ժողովի գումարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, վայրը,
  3. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամների (առնվազն՝ 200 անդամ) և այլ մասնակիցների (առկայության դեպքում) քանակը,
  4. Ժողովի նախագահի և քարտուղարի անունը, ազգանունը, հայրանունը,
  5. Ժողովի օրակարգը,
  6. քվեարկության դրված հարցերը,
  7. քվեարկության արդյունքները,
  8. քվեարկության արդյունքում կայացված որոշումները,
  9. ընտրված գործադիր մարմնի ղեկավարի կամ ժամանակավոր պաշտոնակատարի անձագրային տվյալները (սերիա, համար, ում կողմից է տրված, տրման ամսաթիվ) հաշվառման հասցեն, հեռախոսահամարը, էլ․ փոստի հասցեն,
  10. եթե կրոնական կազմակերպության և նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկությունների պետական գրանցման համար ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հանդես է գալու լիազորված անձը, ապա նաև լիազորված անձի լիազորությունների շրջանակը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները։ Լիազորված անձը պետք է լինի Ժողովի անդամների կազմից, եթե Ժողովին մասնակցել են միայն անդամները։

Ժողովի արձանագրությունը ստորագրվում է ժողովի նախագահի և քարտուղարի կողմից, որին կցվում է նաև Ժողովի անդամների ցուցակը։ Ցուցակը ներառում է Ժողովի անդամների անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար, ում կողմից է տրված, տրման ամսաթիվ), ՀՀ-ում հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ փաստացի բնակության հասցեն։ Ցուցակը՝ որպես Ժողովի արձանագրության անբաժանելի մաս, ստորագրվում է Ժողովի յուրաքանչյուր անդամի կողմից՝ իր անվան դիմաց։

Արձանագրությունը կազմվում է առնվազն 3 օրինակից, որից մեկ օրինակը ներկայացվում է ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին, մեկը՝ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, մեկը՝  պահվում է կրոնական կազմակերպության մոտ։

Ժողովի անդամների ցուցակը կազմվում է առնվազն 1 օրինակից, որը ներկայացվում է ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրացման համար դիմելիս։ Կրոնական կազմակերպության մոտ կարող է պահվել Ժողովի անդամների ցուցակի պատճենը։

Ժողովի արձանագրության ու անդամների ցուցակի էջերը, որպես մեկ ամբողջություն, պետք է լինեն համարակալված և կարված՝ ապահովելով փաստաթղթի ամբողջականությունը։

Կրոնական կազմակերպության կանոնադրությունը

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կրոնական կազմակերպության կանոնադրությունը պետք է պարունակի տեղեկություններ հետևյալ պարտադիր տվյալների մասին․

  • կրոնական կազմակերպության բնույթը,
  • գործելու վայրը,
  • դավանական պատկանելությունը,
  • կրոնական միավորման կառուցվածքը,
  • աղոթատեղիները և գույքային դրությունը,
  • ձեռնարկություններ հիմնելու, ուսումնական և հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների առկայությունը,
  • գործունեության դադարեցման դեպքում գույքային և այլ հարցերի լուծման կարգը,
  • կազմակերպության գործունեության առանձնահատկությունների հետ կապված այլ դրույթներ։

Կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ նշվում է նաև կազմակերպության լրիվ և կրճատ անունը (Քաղ․ օր Հոդված 58), անվան թարգմանությունները կազմակերպության համար նախընտրելի լեզուներով, խորհրդանիշը՝ առկայության դեպքում, խորհրդանիշի մեկնաբանությունը, գործունեության նպատակները, առարկան (Քաղ․ օր Հոդված 55), իրավունքները, անդամության հետ կապված հարցերը, կազմակերպության մարմինների իրավասությունները, սեփականության գոյացման աղբյուները և ձևերը, ինչպես նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պայմանների վերաբերյալ այլ տեղեկություններ։

Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և կարված, որը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը, տիտղոսային թերթի վրա պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը։

Կանոնադրությունը կազմվում է առնվազն 3 օրինակից, որոնցից մեկ օրինակը ներկայացվում է ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին, երկու օրինակը՝ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմում ներկայացնելը

Կրոնական կազմակերպությունը Ժողովի գումարումից հետո դիմում է ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «բ»-«ե» ենթակետերով սահմանված պայմանների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։

Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կազմակերպությունը առձեռն կամ փոստով ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացնում փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է․

  • դիմում՝ ուղղված ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին,
  • հավաստագիր, որ կրոնական համայնքը չի անդամագրում մինչև 18 տարին լրացած անձանց և նրանց վրա չի դնում համայնքի անդամի՝ կանոնադրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները,
  • տեղեկանք «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պայմանները հաստատող տեղեկությունների վերաբերյալ,
  • կրոնական կազմակերպության անդամների ցուցակ, որի մեջ նշվում են անդամների անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, անձնագրի սերիան և համարը, բնակության հասցեն, հեռախոսահամարը։ Ցուցակը ստորագրվում է անդամների կողմից՝ յուրաքանչյուրն իր անվան դիմաց։
  • Կանոնադրության մեկ օրինակ՝ ստորագրված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ պաշտոնակատարի կողմից,
  • Ժողովի արձանագրության մեկ օրինակ (կարելի է ներկայացնել առանց ժողովի անդամների ցուցակի),
  • Ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային ֆայլերը՝ էլեկտրոնային կրիչով (CD)։

Կրոնական կազմակերպությունը փորձագիտական եզրակացություն ստանալու համար կարող է դիմում ներկայացնել նաև ՀՀ Վարչապետի աշխատակազմ https://e-request.am/hy կայքի միջոցով՝ դիմումին կցելով փաթեթի մեջ ներառված փաստաթղթերի լուսապատճենները։

Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

Փորձագիտական եզրակացության ձևը սահմանում է ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը։

Խորհուրդ է տրվում ՀՀ Կառավարության աշխատակազմ դիմելուն զուգահեռ առձեռն նույնական փաթեթ (պատճենների կամ բնօրինակի տեսքով) ներկայացնել ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին։

ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ https://www.gov.am/am/religion/ հղումով։

Պետական գրանցման համար դիմելը

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պայմանների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալուց հետո կրոնական կազմակերպությունը դիմում է ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետական գրանցման համար։

Կրոնական կազմակերպության պետական գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումը գործակալության կողմից կայացվում է դիմելու օրվանից մեկամսյա ժամկետում (Հոդված 16) (Հոդված 2․2), (Հոդված 35․3)։

Կրոնական կազմակերպության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք 10000 ՀՀ դրամի չափով, որը վճարվում է գանձապետարանի 900005160727 հաշվեհամարին (Հոդված 10․1)։

Անհրաժեշտ է նշել նաև, որ կրոնական կազմակերպության պետական գրանցման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում իրականացնելու ընթացակարգ դեռևս չկա,  ի տարբերություն ոչ առևտրային այլ կազմակերպությունների, որոնք ՀՀ կառավարության կողմից սահմանված լրացուցիչ մատուցվող ծառայությունների շրջանակներում և լրացուցիչ վճարի դիմաց հնարավորություն ունեն պետական գրանցման գործընթացն իրականացնել ավելի սեղմ ժամկետներում (Հոդված 10․2):

Կրոնական կազմակերպության պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն հիմնադիր անդամ(ներ)ը, գործադիր մարմնի ղեկավարը կամ ժամանակավոր պաշտոնակատարը, վերջիններիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ (Հոդված 33)։

Պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել (Հոդված 34).

  • Պետական գրանցման դիմում (Հոդված 17․1).

Դիմումի ձևը տրամադրվում է Գործակալության կողմից գրանցման համար դիմելիս։

  • Փորձագիտական եզրակացություն (Հոդված 14).
  • Հիմնադիր ժողովի արձանագրություն կամ արձանագրությունից քաղվածք (Հոդված 17․6,7).

Ժողովի անդամների ցուցակը կազմում է արձանագրության անբաժանելի մասը։ Որպես մեկ ամբողջական փաստաթուղթ՝ արձանագրության ու ցուցակի թերթերը պետք է լինեն համարակալված և կարված՝ ապահովելով փաստաթղթի ամբողջականությունը։

Արձանագրությունից քաղվածքը պետք է պարունակի արձանագրության համար պարտադիր բոլոր տեղեկությունները, բացառությամբ Ժողովի օրակարգի, քվեարկության դրված հարցերի, քվեարկության արդյունքների, ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը պետք է պարունակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին:

  • Կանոնադրության 2 օրինակ՝ ստորագրված գործադիր մարմնի ղեկավարի կամ պաշտոնակատարի կողմից։ Կանոնադրությունը (կանոնադրության փոփոխությունները) պետք է նշում պարունակի հաստատման, ներկայացված օրինակների քանակի և օրինակի հերթական համարի մասին:
  • տեղեկություններ կրոնական կազկաներպության գործադիր մարմնի ղեկավարի (ժամանակավոր պաշտոնակատարի) վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի (ՀԾՀ) համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն կամ գործադիր մարմնի ղեկավարի (ժամանակավոր պաշտոնակատարի) անձնագրի կամ նույնականացման քարտի, հանրային ծառայություների համարանիշի պատճենը՝ վավերացված գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ՝ ստորագրության ամսաթվի նշումով կամ նոտարական կարգով (Հոդված 17․8).
  • Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն (Հոդված 66․3).
  • Պետական տուրքի անդորրագիր.
  • Լիազորագիր, լիազորված անձի անձնագրի պատճենը, եթե գործակալությունում հանդես է գալու լիազորված անձը.

Լիազորագիրը պետք է նշում պարունակի Գործակալությունում փաստաթղթեր հանձնելու և ստանալու, իրական շահառուի վերաբերյալ հայտարարությունը ստորագրելու իրավասության վերաբերյալ։ Լիազորված անձի անձնագրի պատճենը պետք է վավերացված լինի կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ՝ ստորագրության ամսաթվի նշումով կամ նոտարական կարգով։

01․04․2021թ․-ի դրությամբ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական կայքի տեղեկատվական համակարգի միջոցով  էլեկտրոնային եղանակով կրոնական կազմակերպության պետական գրանցման դիմում ներկայացնելու հնարավորություն առկա չէ, քանի որ բացակայում են օրենքով սահմանված կարգով հաստատված կրոնական կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը:

Կրոնական կազմակերպությունը ստեղծված է համարվում պետական գրանցման՝ միասնական պետական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից (Հոդված 35․7,8,10):

Պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով։

Գրանցումը կատարելու հետ միաժամանակ կրոնական կազմակերպության  կանոնադրությունում գրառվում են իրավաբանական անձի գրանցման համարը և գրանցման տարին, ամիսը, օրը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

Կրոնական կազմակերպության պետական գրանցման մերժումը, մերժումից հետո սխալները շտկերը

Գործակալությունը փաստաթղթերն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում մերժում է կրոնական կազմակերպության պետական գրանցումը գործող օրենսդրությանը նրա հակասելու պարագայում (Հոդված 16), ինչպես նաև, եթե առկա են հետևյալ հիմքերը (Հոդված 36)`

1) կրոնական կազմակերպության կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը.

2) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.

3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ կրոնական կազմակերպության ներկայացրած այլ փաստաթղթերին.

4) անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե անվանման գրանցումը մերժվել է, և անձը չի ներկայացրել այլ անվանում։

Գործակալությունն իրավունք չունի մերժել կրոնական կազմակերպության գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով։

Պետական գրանցման մերժման որոշումը պետք է լինի գրավոր, պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են կրոնական կազմակերպությունը ստեղծելիս, կամ որոնց հակասում է կրոնական կազմակերպության կանոնադրությունը:

Մերժման որոշման մեջ պետք է պարտադիր նշվեն մերժման բոլոր հիմքերը և  ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև պարունակի հղում կոնկրետ իրավական նորմի վրա, որը հիմք է ծառայել մերժման համար (Հոդված 21)։

Գրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

Մերժման մասին որոշումը համարվում է ընդունված այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին հասնելու պահից կամ համացանցում հասանելի դառնալու պահից:

Մերժման մասին որոշումը գրավոր ձևով հանձնվում է դիմողին և ստանալուց հետո դիմողը կարող է երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել սխալները և փաստաթղթերը կրկին ներկայացնել գործակալություն՝ պետական գրանցում կատարելու համար:

Տվյալ դեպքում պետական տուրք կրկին չի վճարվում, և պետական գրանցման դիմումում նշվում են նախկինում ներկայացված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի տվյալները:

Եթե դիմողը մերժման մասին որոշումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկված կամ լրացված փաստաթղթերը չի ներկայացնում պետական գրանցման, կամ կրկին ներկայացված փաստաթղթերում նույնպես առկա են մերժման հիմքեր, բացառությամբ այն դեպքի, երբ կրկին ներկայացված փաստաթղթերում առկա են պետական գրանցումը մերժելու այնպիսի հիմքեր, որոնք առկա էին փաստաթղթերի առաջին ներկայացման ժամանակ, սակայն դրանց մասին մատնանշված չէր մերժման որոշման մեջ, ապա մերժումը համարվում է վերջնական։

Եթե կրկին ներկայացված փաստաթղթերում առկա են պետական գրանցումը մերժելու այնպիսի հիմքեր, որոնք առկա էին փաստաթղթերի առաջին ներկայացման ժամանակ, սակայն դրանց մասին մատնանշված չէր մերժման որոշման մեջ, ապա դիմողը կարող է կրկին դիմել գործակալություն` մերժման մասին որոշումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, առանց կրկին անգամ պետական տուրք վճարելու:

Պետական գրանցումը վերջնական մերժելու դեպքում դիմողի ներկայացրած և մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը, դրա վճարումը հավաստող փաստաթուղթը չեն վերադարձվում:

Գործակալության գործողությունների կամ անգործության բողոքարկումը

Գործակալության կողմից կրոնական կազմակերպության պետական գրանցումը մերժելը, պետական գրանցում կատարելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան (Հոդված 23) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխով և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով» 12-րդ գլխով  սահմանված ժամկետներում և կարգով։           

Կրոնական կազմակերպությունների գործունեության դադարեցումը

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել լուծարման միջոցով կամ դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենքների խախտման դեպքում:

Կրոնական կազմակեպությունը կարող է լուծարվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված դեպքերում։

Կրոնական կազմակերպության լուծարվելու դեպքում նրա գույքն ուղղվում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե: