Կրոնը ամուսնաընտանեկան իրավահարաբերություններում
- Նախաբան
- Կրոնը ամուսնանալիս
- Կրոնը և երեխաների իրավունքները
- Կիրառելի նախադեպային որոշումներ
- Կիրառելի միջազգային պայմանագրեր
- Երեխայի իրավունքների վերաբերյալ գործառույթներ իրականացնող պետական մարմիններ
Նախաբան
Կրոնի ազատությունը ամուսնաընտանեկան իրավահարաբերություններում ունի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական պաշտպանություն:
Կիրառելի իրավական կարգավորումներ և սկզբունքներ են սահմանված ինչպես ՀՀ Սահմանադրությամբ (Հոդված 41, 29), ՀՀ ընտանեկան օրենսգրքով, այնպես էլ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, ինչպիսիք են, օրինակ՝ ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (Հոդված 2, 26, 27), «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան (Հոդված 1, 14), նույն Կոնվենցիային կից 04.11.2000թ. թիվ 12 արձանագրությունը (Հոդված 1)։
Կրոնը ամուսնանալիս
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:
Ամուսնության կնքման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքով:
Թեև «Հայաստանի Հարնրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև չի ստորագրվել որևէ նման համաձայնագիր։
Ամուսնանալիս ամուսնացող անձանց համար տրված են կրոնի հիմքով խտրականությունից պաշտպանվելու օրենսդրական երաշխիքներ, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորվում է խտրականության արգելքը, որտեղ, ի թիվս այլ հատկանիշների, սահմանվում է, որ խտրականությունը կախված կրոնից արգելվում է։
Մասնավորապես ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետում երաշխավորվել է կարևոր սկզբունք ամուսինների և ընտանեկան իրավահարաբերության սուբյեկտների համար, այն է՝ ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում արգելվում է կրոնից կախված խտրականությունը:
ՀՀ օրենսդրական իրավակարգավորումներից բխում է, որ ամուսնացողների տարբեր կրոն դավանելու հանգամանքի առկայությունը չի կարող համարվել ամուսնության կնքման մերժման հիմք, քանի որ ՀՀ ընտանեկան օրենսգրքով սպառիչ կերպով սահմանվել են ամուսնության կնքման արգելք հանդիսացող հանգամանքները և դրանց կազմում կրոնական հիմքով սահմանափակում կամ արգելք առկա չէ (Հոդված 11)։
Այսպիսով՝ ՀՀ-ում չի կարող, կրոնի կամ այլ համոզմունքների առկայությամբ պայմանավորված, որևէ անձի կամ պետական մարմնի կողմից արգելվել ամուսնության կնքումը, պետական գրանցումը։ Ամուսնությունը գրանցող մարմինն իրավունք չունի չընդունել ամուսնացող անձանց դիմումը՝ նրանց կողմից տարբեր կրոն դավանելու հիմքով:
Ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն են փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը: Որպես տարիքային սահմանափակում նախատեսված են ամուսնացող անձանց տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ՝ երբ անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, ինչպես նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Ամուսնության տարիքի նման ստորին շեմ սահմանելն օրենսդրի կողմից պայմանավորված է ազգային փոքրամասնությունների մոտ առկա սովորույթներով, քանի որ որոշ ազգային փոքրամասնությունների մոտ ընդունված են վաղ տարիքի ամուսնությունները։
Կրոնը և երեխաների իրավունքները
Ընտանեկան իրավահարաբերությունները ՀՀ-ում գտնվում են անմիջապես պետական հատուկ հոգածության ներքո:
Ընտանեկան իրավահարբերություններում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետով արգելված է կրոնի hիմքով խտրականությունը:
Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են: Նշված իրավակարգավորման համաձայն պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը (Հոդված 16):
2015 թվականի սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ առանձին` 37-րդ հոդվածով ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ որպես սահմանադրական նորմ: Մասնավորապես, հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան։
Հայաստանի Հանրապետությունում կրոնական անհանդուրժողականության դեմ երեխաների իրավունքների պաշտպանության համար բավարար իրավական և գործուն միջոցներ են ներդրված: Մասնավորապես՝ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով երեխաներին, որպես ընտանեկան իրավահարաբերության առանձին սուբյեկտների, տրված է մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք (Հոդված 10), որը ներառում է նաև կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված է ոչ միայն երեխայի դավանանքի ազատության իրավունքը, այլ նաև՝ երեխաների իրավահավասարությունը՝ անկախ իրենց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների դավանանքից (Հոդված 4): Սա ներպետական օրենսդրությամբ ամրագրված շատ կարևոր սկզբունք է, որը տալիս է երկակի պաշտպանություն երեխաներին, որպեսզի նրանք ոչ միայն չարժանան խտրական վերաբերմունքի կախված իրենց դավանանքից, այլ նաև՝ չարժանանան խտրական վերաբերմունքի կախված իրենց ծնողների, խնամակալների, այլ օրինական ներկայացուցիչների դավանանքից:
Իրավահավասարության սկզբունքի նման իրավական կարգավորումը հնարավորություն է տալիս կրոնական այլ դավանանք ունեցող երեխաներին օգտվել հավասարապես բոլոր այն սոցիալական երաշխիքներից, իրավական պաշտպանության միջոցներից, որոնք նախատեսված են պետության կողմից:
Նշված իրավունքների համակցության մեջ երեխաները լիիրավ իրավունք ունեն ազատորեն արտահայտել իրենց կրոնական համոզմունքները, անկաշկանդ արտահայտել իրենց կարծիքը կրոնի վերաբերյալ, որոնք պետք է հաշվի առնվեն բոլոր պետական և ոչ պետական կառույցների կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ժամանակ:
Երեխայի դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով, եթե դա անհրաժեշտ է, ի թիվս այլնի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի պաշտպանության համար։
Ընդ որում «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է առանց ծնողի կամ այլ oրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մաuնակցությունը կրոնական կազմակերպություններին:
Այսինքն՝ կրոնական կազմակերպություններին մինչև 16 տարեկան երեխայի մասնակցության արգելքը բացարձակ բնույթ չի կրում, և օրենսդիրը թույլատրել է մինչև 16 տարեկան երեխայի մաuնակցությունը կրոնական կազմակերպություններին ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։
Այս կարգավորումն ամբողջապես համահունչ է դավանանքի ազատության իրավունքի հետ:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ կետով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պոզիտիվ պարտականություն երեխայի նկատմամբ իրականացվող գործողություններում ապահովելու երեխայի լավագույն շահը: Եվ մասնավորեցնելով երեխայի լավագույն շահերի ապահովմանն ուղղված գործողությունները՝ դրանց մեջ, ի թիվս այլնի, որպես երեխայի լավագույն շահ առանձնացված են նաև երեխայի հոգևոր և կրոնական կապերը և դրանք դիտարկվում են որպես երեխայի իրավունքների արդյունավետ իրականացման, երեխայի զարգացման չափանիշ:
Այս սկզբունքի ամրագրումը շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի երեխայի համար։ Ծնող-երեխա հարաբերություններում և´ դատարանները, և´ պետական այլ մարմինները, և´ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնավոր կառույցները երեխային վերաբերող ցանկացած խնդրի լուծման հիմքում դնում են երեխայի լավագույն շահը և ցանկացած իրավիճակային հարց կարգավորում է երեխայի լավագույն շահի համատեքստում: Իսկ երեխայի լավագույն շահի մեջ առանձնացված են տարբեր չափորոշիչներ, երեխայի շահերին ծառայող տարրեր, գործոններ (օրինակ՝ երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, ծնողի և ընտանիքի անդամների հետ շփվելու կարևորությունը, մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը և այլն), որոնցից են նաև երեխայի հոգևոր և կրոնական կապերը:
Երեխայի լավագույն շահը սահմանված է նաև կոնկրետ իրավահարաբերություններում, օրինակ՝ որդեգրման ժամանակ (Հոդված 112), խնամատար ընտանիքի ընտրությունը կատարելիս (Հոդված 137), առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման ժամանակ (Հոդված 111) և այլն։
Ավելին ՀՀ ընտանեկան օրենսգրքով հատուկ ամրագրվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում, բժշկական, դաստիարակչական հաստատություններում, սոցիալական պաշտպանության կազմակերպությունում կազմակերպելիս, ի թիվս այլնի, երեխայի կրոնական պատկանելիությունը հաշվի առնելու հանգամանքը:
Նշված իրավակարգավորմամբ օրենսդիրը ոչ միայն ևս մեկ անգամ ամրագրել է խոցելի խմբի երեխաների (առանց ծնողական խնամքի մնացած երեխաների) դավանանքի ազատության իրավունքը, այլ նաև խնամատար ընտանիքների և հաստատությունների համար երեխայի դաստիարակության ընթացքում վերջինիս կրոնական պատկանելիությունը հաշվի առնելու, դաստիարակությունը երեխայի կրոնական պատկանելիությանը համահունչ իրականացնելու և երեխայի դավանանքի ազատության իրավունքն ապահովելու հստակ պարտականություն է նախատեսել:
Կիրառելի նախադեպային որոշումներ
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներ
Ընտանեկան հարաբերությունների գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով ձևավորվել է կայուն դատական պրակտիկա «երեխայի լավագույն շահ» հասկացության կիրառության ուղղությամբ։
Թիվ ԵԱԴԴ/1513/02/08 նախադեպային որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից:
Թիվ ԵԱՔԴ/1688/02/08 նախադեպային որոշմամբ Վճռաբեկ դատարանը անդրադարձել է «երեխայի լավագույն շահ» հասկացությանը ամուսինների ամուսնալուծությունից հետո ծնողներից մեկի մոտ երեխայի ապրելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում։ Դատարանը սահմանել է, որ համաձայնության բացակայության դեպքում դատարանը հարցը պետք է լուծի՝ «առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով», ըստ որի տարբեր երկրներում բնակվող ծնողների երեխայի ապրելու վայրը որոշելիս դատարանը պետք է հաշվի ծնողների կողմից նախապես որոշված երեխայի բնակության վայրը, երեխայի տարիքը, կրթության վայրը, համապատասխան երկրի և այդտեղ բնակվող ծնողի հետ երեխայի կապվածությունը հիմնավորող այլ հանգամանքներ, ինչպես նաև՝ երեխայի ապրելու վայրի պարբերաբար փոփոխության հնարավոր բացասական հետևանքները երեխայի հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման և դաստիարակության վրա:
Թիվ ԵԱՆԴ/4073/02/14 նախադեպային որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն գործով ընդգծել է, որ ծնողական իրավունքները, այդ թվում նաև` երեխայից առանձին ապրող ծնողի կողմից իր երեխայի հետ անմիջականորեն շփվելու իրավունքը, չեն կարող իրականացվել երեխայի շահերին հակառակ. դրանց իրականացումը չպետք է վնասի երեխայի շահերին: Փաստորեն, երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հաշվի առնի երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե դատարանի կողմից քննվող վեճը լուծելիս կիրառվող միջոցն ինչպիսի ազդեցություն կունենա երեխայի շահերի վրա, մասնավորապես` նրա հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա:
Թիվ ԵԱՔԴ/0474/02/11 նախադեպային որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը:
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներ
ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը, իր 05.10.2010թ․ թիվ ՍԴՈ-919 որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ ընտանեկան իրավահարաբերություններում «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և հանդիսանում է ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով երեխայի լավագույն շահին, իր նախադեպային որոշումներով արտահայտել է հետևյալ դիրքորոշումները․
- երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճը լուծելիս դատարանները պետք է առաջնորդվեն երեխայի լավագույն շահերով և պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (տես՝ v. Finland թիվ 18249/02, 24.03.1988թ․-ի Olsson v. Sweden գործերով վճիռները),
- Կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է ծնողի շահերից ելնելով թույլատրել նրան կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն երեխայի առողջությանն ու զարգացմանը: Ավելին` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի իրավունքներին ու լավագույն շահերին հակառակ, և երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև (տես՝ Johansen v. Norway 07.08.1996թ․-ի գործով վճիռը, 78-րդ կետ)։
Այսպիսով՝ թե՛ միջազգային իրավունքում, թե՛ ներպետական իրավունքում հարուստ նախադեպային որոշումների և օրենսդրական նորմերի շնորհիվ առկա են արդյունքվետ իրավական գործիքներ երեխաների իրավունքները կրոնական հիմքով պաշտպանելու համար։
Կիրառելի միջազգային պայմանագրեր
Երեխաների իրավունքները և դրանց պաշտպանության գործիքակազմերը ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայով, որով Կոնվենցիային մասնակից պետությունները ճանաչել և հռչակել են, որ յուրաքանչյուր մարդ օժտված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական և այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը: (Նախաբան՝ 3-րդ պարբերություն)։
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան մասնակից պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության համար, հստակ սահմանել է պարտավորություններ՝
- Հարգելու և ապահովելու իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր երեխայի համար Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները, առանց որևէ խտրականության և անկախ երեխայի կամ նրա ծնողի/օրինական խնամակալի կրոնական համոզմունքից (Հոդված 2)․
- ձեռնարկելու երեխաների պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները այն դեպքերում, երբ երեխան խտրականության և պատժի է արժանանում իր ծնողների, օրինական խնամակալի, ընտանիքի մեկ այլ անդամի արտահայտած համոզմունքների համար․
- հարգելու երեխայի ինքնությունը պահպանելու իրավունքը, իսկ անօրինական միջամտության արդյունքում երեխայի ինքնության կամ նրա որոշ տարերի զրկման դեպքում՝ տրամադրելու համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով (Հոդված 8):
Երեխայի ինքնությունն իր մեջ ներառում է, ի թիվս այլնի, նաև կրոնական ինքնությունն ու պատկանելիությունը, էթնիկ ծագումը, համոզմունքները , որոնց մասին մանրամասն ներկայացված է Երեխայի իրավունքների Կոմիտեի կողմից Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի վերաբերյալ թիվ 14-րդ ընդհանուր Մեկնաբանություններով:
Երեխայի իրավունքների կոմիտեն կոնվենցիայի յուրաքանչյուր դրույթի վերաբերյալ տվել է մեկնաբանություններ: Այդ մեկնաբանություններում, որպես երեխայի լավագույն շահի գնահատման չափորոշիչ, արձանագրված է երեխայի անհատականությունը, իսկ որպես անհատականության գործոններ, ի թիվս այլնի, առանձնացված է նաև կրոնը և համոզմունքները: Կոմիտեն մասնավորապես նշում է․
«,,,» b/ երեխայի անհատականությունը
Երեխաները միատարր չեն և դրանից ելնելով երեխայի լավագույն շահը գնահատելիս պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռը, կրոնը, ազգային ծագում, կրոնը և համոզմունքները, մշակութային արժեքներ,անձնական հատկանիշները։
Թեև հիմնական կարիքները նույն են բոլոր երեխաների և երիտասարդների համար, այնուհանդերձ իրենց պատկերացումները կարող են կախված լինել տարբեր անձնական հատկանիշների, ֆիզիկական հատկությունների, սոցիալ մշակութային ասպեկտների, այդ թվում զարգացող ունակությունների հետ։ Երեխայի անհատականությունը պահպանելու իրավունքը երաշխավորված է Կոնվենցիայի կողմից (8-րդ հոդված) և պետք է հարգել և հաշվի առնել երեխայի լավագույն շահերը գնահատելիս։
Ինչ վերաբերվում է կրոնական և մշակութային ինքնության խնդիրներին, օրինակ՝ երեխաների խնամքի փոխանցման կամ տեղավորմանը համապատասխան խնամքի հաստատությունում, անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի դաստիարակությունը, էթնիկ ծագումը, կրոնական և մշակութային պատկանելիությունը, մայրենի լեզուն (20-րդ հոդվածի 3-րդ կետ) և ինքնությունը, և որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել դրանք՝ լավագույն շահերի գնահատման կոնկրետ հանգամանքներից ելնելով։ Նույնը վերաբերում է որդեգրման, առանձին բնակության և ամուսնալուծության դեպքերին։
Այսպիսով՝ երեխայի ինքնությունը (անհատականությունը) պահպանելը երեխայի առանձին կոնվենցիոն իրավունք է, որն ամրագրված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և յուրաքանչյուր դեպքում, երբ երեխան կանգնած է իր ինքնությունը կորցնելու վտանգի առաջ (այդ թվում՝ կրոնական ինքնության, պատկանելիության), ապա պետությունն ունի պարտավորություն և պետք է միջոցներ ձեռնարկի այն արագ վերականգնելու համար:
Կիրառելի կարգավորումներ են սահմանված նաև Կոնվենցիայի 14-րդ, 20-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածներով։