Կրոնի ազատության ընդհանուր կարգավորումները
- Նախաբան
- Ֆիզիկական անձանց կրոնական ազատությունների ծավալը
- Կրոնական կազմակերպությունների կրոնական ազատությունների ծավալը
- Կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները
- Կրոնի և համոզմունքների պաշտպանության իրականացումը ՀՀ Սահմանադրության և օրենքի միջև հակասության դեպքերում
- Հոգեորսություն
- Խոստովանության գաղտնիությունը
- Կրոնական միավորումներ
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը
Նախաբան
Մարդու և քաղաքացու խղճի և կրոնի ազատության իրավունքի հետ կապված հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում են 17․06․1991 թվականին ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, 06․12․2015թ․-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններով և այլ օրենքներով։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը ՀՀ անկախությանը հաջորդած առաջին օրենքներից է, որը մինչ օրս չի համապատասխանեցվել 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությանը (փոփոխություններով)։
Այդ իսկ պատճառով՝ խղճի և կրոնի ազատության իրավունքի բովանդակությունը, ծավալը ու սուբյեկտները ՀՀ Սահմանադրությամբ ավելի լայն են, քան «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ի տարբերություն ՀՀ Սահմանադրության, չի ապահովվում կրոնի իրավունքի իրացումը՝ ողջ ծավալով։ Մասնավորապես․
- երաշխավորվում է միայն քաղաքացիների կրոնի ազատությունը, այն չի ներառում կրոնը կամ համոզմունքները հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ կրոնական ծեսերից բացի այլ ձևերով արտահայտելու, այդ թվում՝ քարոզելու և դավանանքը փոխելու ազատությունը․
- կրոնական կազմակերպություն կարող են հիմնադրել միայն ՀՀ քաղաքացիները․
- ճանաչվում է միայն գրանցված կրոնական կազմակերպությունների գործունեությունը․
- կրոնական կազմակերպությունները, բացառությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, պետք է գործեն միայն իրենց հավատացյալ անդամների շրջանակում և միայն օրենքով սահմանված իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում։
Ֆիզիկական անձանց կրոնական ազատությունների ծավալը
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով ապահովվում է միայն քաղաքացու խղճի և կրոնի ազատության իրավունքը, որը ներառում է կրոնի նկատմամբ իր վերաբերմունքը ազատորեն որոշելը, ցանկացած կրոն դավանելը կամ ոչ մի կրոն չդավանելը, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կրոնական ծեսեր կատարելը (Հոդված 1)։
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր անձի (օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի և այլն) խղճի և կրոնի ազատության իրավունքը, որը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը (Հոդված 41)։
Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որևէ հարկադրանք կամ բռնություն` ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս (Հոդված 3):
Պետությունը իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը (Հոդված 17)։
ՀՀ քաղաքացիները և յուրաքանչյուր ոք հավասար են օրենքի առջև բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելությունից (Հոդված 28) (Հոդված 2)։
ՀՀ Սահմանադրությունը, ի թիվս այլ հատկանիշների, արգելում է խտրականությունը կախված կրոնից։ Կրոնի հատկանիշով խտրականության արգելք է սահմանված նաև մի շարք ոլորտային օրենքներում։
Անհրաժեշտ է նաև նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ կրոնական կազմակերպության անդամների վրա։ Բացառություն է կազմում այլընտրանքային ծառայությունը, որի կարգավորումները նախատեսված են «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով։
Կրոնական կազմակերպությունների կրոնական ազատությունների ծավալը
Կրոնական կազմակերպությունների հետ կապված հարաբերությունները հիմնականում կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, իսկ գրանցման հետ կապված հարաբերությունները՝ նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով։
Դավանանքի ազատությունը՝ որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունք, տարածվում է նաև կրոնական կազմակերպությունների վրա այնքանով, որքանով այդ իրավունքն իր էությամբ կիրառելի է դրանց նկատմամբ (Հոդված 74):
ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը (Հոդված 17), ինչպես նաև՝ սահմանվում է, որ կրոնական կազմակերպություններն իրավահավասար են, օժտված են ինքնավարությամբ (Հոդված 41) և անջատ են պետությունից (Հոդված 17)։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ եկեղեցին անջատված է պետությունից (Հոդված 17)։
Այսպիսով, կրոնական կազմակերպությունները, այդ թվում նաև՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝
- ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ, հավասար են պետության, օրենքի և դատարանի առջև,
- ինքնուրույն են որոշում իրենց ներքին կառավարման և կազմակերպական հարցերը, պետությունը չի միջամտում նրանց՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին,
- չեն կարող իրականացնել որևէ պետական ֆունկցիա կամ մասնակցել պետական կառավարմանը։
Արգելվում է կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը (Հոդված 17)։
Կրոնական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Կրոնական կազմակերպությունը հանդիսանում է ոչ առևտրային կազմակերպություն, հասարակական միավորման տեսակ՝ իր առանձնահատկություններով։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է:
Կրոնական կազմակերպություններ են հանդիսանում՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները և այլ կրոնական-եկեղեցական հիմնարկները (Հոդված 4):
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են․
- Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ավանդական կազմակերպություններով.
- կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն (Հոդված 6):
Կրոնական կազմակերպությունները չեն կարող լինել ապրանքային բորսայի հիմնադիրներ և անդամ (Հոդված 14,16), չեն կարող ռեդոմիցիլացվել (Հոդված 59.1):
Կրոնական կազմակերպություններին արգելվում է՝
- համապետական, տեղական ընտրությունների կամ հանրաքվեի հետ կախված որևէ կերպ ներգրավվել նախընտրական քարոզչությանը և իր ռեսուրսներն օգտագործել նախընտարական քարոզարշավի իրականացման համար (Հոդված 23),
- նվիրատվություններ կատարել քաղաքական կուսակցություններին, ինչպես հենց կազմակերպության կողմից, այնպես էլ իր մասնակցությամբ կազմակերպություններից (Հոդված 24),
- մուծումներ կատարել հանրաքվեի և տեղական հանրաքվեի «Այո» կամ «Ոչ» հիմնադրամներում (Հոդվածներ)։
Կրոնական կազմակերպությունները կարող են Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ունենալ ներկայացուցիչներ՝ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, մասնակցել արյան դոնորության քարոզչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը, ինչպես նաև թողարկել արժեթղթեր՝ կրոնական նպատակներով։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված են կրոնական կազմակերպությունների այն իրավունքները, որոնք կարող են իրացվել կրոնական կազմակերպությունների կողմից իրենց հոգևոր-կրոնական գործունեության ընթացքում։
Մասնավորապես՝ կրոնական կազմակերպությունները իրավունք ունեն․
ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.
բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.
գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում՝ այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով,
դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար՝ ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.
ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.
զ) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում.
է) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր.
ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից՝ օրենքով սահմանված կարգով.
թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ` անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով.
ժ) զբաղվել բարեգործությամբ:
Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են կրոնական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու պահից:
Թեև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կրոնական կազմակերպություններն իրենց հոգևոր-կրոնական գործունեությունը պետք է իրականացնեն հոդվածով սահմանված իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում և միայն իրենց անդամների շրջանակներում, սակայն ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի լույսի ներքո կրոնական կազմակերպությունների իրավունքների և գործունեության շրջանակն ավելի լայն է։
Պետք է նշել նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրություններով չնախատեսված գործունեությամբ զբաղվելու համար (Հոդված 2053)։
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ զինված ուժերում և այլ զորքերում արգելվում է կրոնական կազմակերպությունների ստեղծումը, իսկ զորամասերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների տարածքում՝ նաև կրոնական քարոզչությունը: Բացառություն է սահմանված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու համար, որի գործունեության կարգավորումները տրված են «Հայաստանի Հարնրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով (Հոդված 10)։
Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից իրենց որպես սեփականություն հանձնված գույքի, ինչպես նաև իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը և ըստ նշանակության օգտագործումը (Հոդված 11):
Կրոնական կազմակերպությունն իրավունք ունի ստեղծել մասնաճյուղեր, հիմնարկներ իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար, որոնց պետական հաշվառման կարգը սահմանված է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 12-րդ գլխով սահմանված կարգով։
Կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները
Կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն դիմելու ՀՀ-ում, ինչպես նաև արտասահմանում գտնվող անձանց՝ կամավոր դրամական կամ այլ նվիրատվություններ, նվիրաբերություններ ստանալու խնդրանքով, կոչով և տնօրինել դրանք։ Ընդ որում այդ նվիրատվություններն ու նվիրաբերությունները ենթակա չեն հարկման (Հոդված 12, Հոդված 605)
Այնուամենայնիվ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման մասով սահմանված են որոշակի սահմանափակումներ։ Մասնավորապես՝
- ՀՀ տարածքից դուրս հոգևոր կենտրոններ ունեցող կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից․
- Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց:
Կրոնի և համոզմունքների պաշտպանության իրականացումը ՀՀ Սահմանադրության և օրենքի միջև հակասության դեպքերում
Ունենալով բարձրագույն իրավաբանական ուժ՝ ՀՀ Սահմանդրությունը չի գործում անմիջականորեն։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ընդունված և խղճի, դավանանքի ազատության իրավունքի վերաբերյալ կարգավորումներ պարունակող որոշ օրենքներ, այդ թվում՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, դեռևս չեն համապատասխանեցվել 2015 թվականի Սահմանադրությանը (փոփոխություններով), ստեղծվում են իրավիճակներ, երբ օրենքի դրույթները, հակասելով ՀՀ Սահմանադրությանը, կիրառվում են՝ խախտելով անձի խղճի և դավանանքի ազատության իրավունքը։
Նման դեպքերում, եթե անձը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, պետք է դատարանում քննվող գործի շրջանակներում դիմի դատարանին՝ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու խնդրանքով։
Միջնորդությունը բավարարվելու դեպքում՝ դատարանը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան և գործի քննությունը կասեցվում է։
ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Եթե կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտ և սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, ապա անձը (տվյալ դեպքում՝ նաև կրոնական կազմակերպությունը) կարող է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը (Հոդված 169)։
Այլ դեպքերում, եթե անձը գտնում է, որ որևէ նորմատիվ իրավական ակտի դրույթ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, կարող է դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու խնդրանքով (Հոդված 169)։
Հոգեորսություն
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը (soulhunting)։
Սակայն ո՛չ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ո՛չ էլ որևէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ հոգեորսության հասկացությունը և նախատեսված չէ որևէ պատասխանատվություն հոգեորսության իրականացման համար։
Փոխարենը՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ նույն օրենքի 7-րդ հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որևէ գործողություն չի կարող դիտվել որպես հոգեորսություն։
Անհրաժեշտ է նշել նաև, որ «հոգեորսությունը» ոչ իրավական եզրույթ է, որը կիրառվում է «դավանափոխություն» կամ «պրոզելիտիզմ» եզրույթների փոխարեն՝ որպես համարժեք։ Սակայն «պրոզելիտիզմ» կամ «դավանափոխություն» եզրույթները նկարագրում են կրոնի ազատության իրացման թույլատրված, նույնիսկ՝ պաշտպանության ենթակա վարքագիծ՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ։
Ուստի արգելված կարող է լինել միայն ոչ պատշաճ դավանափոխությունը, որն ուղեկցվում է որոշակի հակաիրավական և հակաօրինական վարքագծով։
Խոստովանության գաղտնիությունը
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը, ինչը նշանակում է, որ ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը որպես վկա չի կարող հարցաքննվել քննչական և դատական ատյաններում գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ (Հոդված 201, Հոդված 86):
Այդ իսկ պատճառով խիստ ցանկալի է, որպեսզի կրոնական կազմակերպություններն իրենց ներքին կյանքի կազմակերպման շրջանակներում սահմանեն ներքին կանոնակարգեր, որոնցով կկարգավորվի հոգևորականի՝ խոստովանահայր ձեռնադրվելու կարգն ու պայմանները։
Կրոնական միավորումներ
Յուրաքանչյուր ոք կարող է իրացնել իր կրոնի ազատության իրավունքը ինչպես միայնակ, այնպես էլ այլ անձանց հետ համատեղ՝ կրոնական միավորումներ հանդիսացող կրոնական խմբի կամ կրոնական կազմակեպության միջոցով։
ՀՀ Սահմանադրությունը ՀՀ-ում երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը (Հոդված 17)։
Թեև ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածում չի կիրառվում «կրոնական խմբեր» եզրույթը, «կրոնական կազմակերպություն» եզրույթը մեկնաբանվում է լայն իմաստով՝ իր մեջ ներառելով նաև կրոնական խմբերին։
Կրոնական խմբեր
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով չի ճանաչվում կրոնական խմբերի գործունեությունը, սակայն Սահմանադրության 41-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ ՀՀ-ում կարող են գործել կրոնական խմբեր՝ անկախ պետական գրանցման հանգամանքից։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու, մասնավորապես՝ կրոնական միավորումների ղեկավարների կողմից միավորումը պետական կառավարման մարմիններում գրանցելուց խուսափելու համար (Հոդված 206)։
Սակայն այս նորմը ակնհայտորեն հակասահմանադրական է և արդարացիորեն վերջին տասնամյակում չի կիրառվել ՀՀ-ում։
Կրոնական կազմակերպությունների միություններ
Մինչև 04․02․2017թ․-ը կրոնական կազմակերպություններն իրավունք ունեին ստեղծելու կրոնական կազմակերպությունների միություններ՝ իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով (Հոդված 125)։ Ուստի կրոնական կազմակերպությունների միություններն իրենց գործունեությունը համակարգելու շրջանակներում կարող էին իրականացնել նաև կրոնական գործունեություն։
16.12.2016թ․-ին ընդունված և 04․02․2017թ․-ին ուժի մեջ մտած «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներով (Հոդված 2) իրավաբանական անձանց՝ միություններ ստեղծելու իրավական հնարավորությունը փոխարինվեց իրավաբանական անձանց կողմից հասարակական կազմակերպություն հիմնադրելու հնարավորությամբ։
Միևնույն ժամանակ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանափակվեց կրոնական կազմակերպությունների կողմից հասարակական կազմակերպություն հիմնադրելու կամ հասարակական կազմակերպության անդամ լինելու հնարավորությունը։
Այսպիսով՝ ՀՀ օրենսդրությամբ կրոնական կազմակերպությունների համար միություններ հիմնադրելու կամ միությունների անդամ լինելու իրավունք սահմանված չէ, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով սահմանված միավորումների ազատության իրավունքին։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (այսուհետ՝ ՀԱՍԵ) հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով, իսկ առանձնահատուկ հարաբերությունները՝ որպես պետության և նրա կողմից ազգային ճանաչված Եկեղեցու հարաբերություններ, «Հայաստանի Հարնրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով (Հոդված 4):
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է՝
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում (Հոդված 18)․
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով․
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային և վավերագրական ժառանգությունը՝ որպես ազգային ինքնության հենքի կարևոր և անբաժանելի մաս․
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում․
- եկեղեցական խոստովանության գաղտնիությունը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական-խոստովանահայրը՝ որպես վկա, չի կարող հարցաքննվել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է, որ պետությունը չի խոչընդոտում ՀԱՍԵ մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը.
- ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հավանությամբ.
- վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.
- կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.
- նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում.
- գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը.
- ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն.
- ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում՝ ներառյալ քննչական մեկուսարանները:
Թվարկված առաքելությունների մեծամասնությունն այնքան ունիվերսալ և ներհատուկ են բոլոր կրոնական կազմակերպություններին, որ որևէ մեկ սուբյեկտի համար մենաշնորհ սահմանելն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կրոնական կազմակերպությունների իրավահավասարության (Հոդված 41), կրոնական կազմակերպությունների գործունեության ազատության (Հոդված 17) սկզբունքներին։
Ավելին՝ նշվածներից հատկապես բարեգործական գործունեություն իրականացնելու մասով օրենսդրի կողմից ՀԱՍԵ-ի համար մենաշնորհ սահմանելն առաջացնում է ներքին հակասություն հենց նույն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ժ) կետի հետ։
«Հայաստանի Հարնրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված են առանձնահատուկ կարգավորումներ ՀԱՍԵ համար։ Մասնավորապես՝
- ՀՀ Նախագահը ՀԱՍԵ գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ․
- ՀԱՍԵ պատմական, հոգևոր, մշակութային և վավերագրական արժեքների՝ պետական սեփականություն հանդիսացող հատվածը կարող է օտարվել կամ պահպանման վայրից փոխադրվել՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այդ արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ խորհրդակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ․
- ՀԱՍԵ-ն իրավունք ունի կառուցելու վանքեր, եկեղեցիներ և պաշտամունքային այլ շինություններ, գործող դարձնելու պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող վանքերն ու եկեղեցիները: Պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ․
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ տարվա պետական բյուջեի նախագծով սահմանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանության և հարստացման համար պետական աջակցության ծավալն ու նպատակը՝ նախապես այն քննարկելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ․
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցները հրապարակում են անփոփոխ․
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ՝ քննչական մեկուսարաններում․
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը գործում է նաև այլ երկրներում, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան:
Կրթական ոլորտում նույնպես սահմանված են առանձնահատուկ կարգավորումներ։ Մասնավորապես՝
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի՝
1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.
3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները.
4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ստեղծած ուսումնական հաստատությունները պետք է ստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է մասնավոր հաստատություններին։
Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա։
«Հայաստանի Հարնրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները:
Սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև չի ստորագրվել նման համաձայնագիր։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված են նաև հարկային արտոնություններ։
Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատվում է անշարժ գույքի հարկից.
- իրեն սեփականության իրավունքով պատկանող և ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցանկով սահմանված հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շինությունների մասով,
- իրեն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շինությունների մասով,
- իրեն պատկանող՝ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, իր ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի մասով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծման դեպքում վերջիններս ազատվում են ԱԱՀ-ից (Հոդված 64)։